0
Basket
search

՛՛Չկա իմաստ կյանքի մեջ, եթե այն պիտի ապրես խեղճացած, վախերով, հարմարված իրավիճակին՛՛. ԱԲԻԿ ԳԱՆՏԻԼԵԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Առաջին անգամ երբ Արփիին էջին ակնարկ մը նետեցինք եւ կարդացինք, զանազան տուեալներ եւ մասնագիտութիւններ, որոնք գրուած էին իր մասին: Մտածեցի թէ այս աղջիկը պատանեկութենէն սկսած է մուտք գործել գրական աշխարհ, իսկ զարմանքս մեծ էր երբ նկատեցի թէ մէկէ աւելի ձիրքերով օժտուած է, նոյնիսկ իրեն ուղղուած առաջին նամակին մէջ, գրեցի թէ մի քանի ձմեռուկներ ի՞նչպէս միասնաբար շալկած է: 
Խնդրոյ առարկան՝ ԱՐՓԻ ՎԱՆԵԱՆՆ ԷՐ, որ վերջերս հրաւիրեցինք զինք միանալու Կանթեղ: Մեր ծանօթացումը եղաւ Կանթեղի վաղեմի խմբակից եւ ընկերոջ՝ Մարիամ Խուրշուդեանին միջոցաւ:

Ծանօթացնելու համար Արփին , Կանթեղի խմբակիցներուն եւ ընկերներուն, ունեցանք իրեն հետ հեռաձայնային հարցազրոյց մը, զորս կը ներկայացնենք հետեւեալ տողերով.

 

Կանթեղը հպարտանքով կը ներկայացնէ զանազան ձիրքերով օժտուած իր խմբակիցը՝ ԱՐՓԻ ՎԱՆԵԱՆԸ: Ան ունի յատուկ կարողութիւններ՝ իբրեւ լրագրող, խմբագիր, կը գրէ նաեւ սէրեալներու դիալօկներ եւ պատմուածքներ:

 
Ե՞րբ զգացիք այդ մղումը որ Ձեզի տարաւ դէպի գրական աշխարհի զանազան կողմերուն, եւ սկսաք ստեղծագործել:

-Իմ առաջին բանաստեղծությունը ծնվեց շատ ողբերգական պահի՝ 1992 թվականի հունիս ամիսն էր, ես տակավին աղջնակ էի: Արցախում շատ ծանր իրավիճակ էր: Ադրբեջանը հարձակվել էր բոլոր ուղղություններով: Ես ընտանիքս հետ ապրում էի Հադրութ քաղաքում: Մի օրհասական պահի հրաման եղավ, որ կանանց ու երեխաներին քաղաքից հանեն ու տեղափոխեն ավելի անվտանգ վայրեր: Եվ ահա բեռներով, մարդկանցով ծանրաբեռնված տրակտորի քարշակի մեջ հազիվ նստած, երբ հեռանում էինք մեր հարազատ տներից՝ չիմանալով անգամ ե՞տ կվերադառնանք , թե՞՝ չէ, ես ետ նայեցի, նշմարեցի մեր տունն ու արցունքներիս հետ մեկտեղ իմ սրտից դուրս հորդեցին տողեր, որոնց մեջ ցավ էր, սեր, կսկիծ ու հավատ, որ Աստված կօգնի մեզ, ու մենք նորից ետ կդառնանք մեր տները:

 
Իբրեւ Լրագրութիւն, խմբագրութիւն, սենարիստ, պատմուածք եւ քերթուած գրող, ի՞նչ կը նշանակէն այս մասնագիտութիւնները եւ ի՞նչպիսի իմաստ կը ներկայացնեն Արփիին համար, ո՞ւր է ամէն մէկուն տեղը Ձեր հոգեկան աշխարհին մէջ:

 

 

-Լրագրությունն ինձ տանում է իրական աշխարհ, որտեղ քաղաքականությունն է իր բարդ ոլորաններով, հասարակությունն՝ իր պահանջներով , մոլորություններով ու անսպառ կամքով: Կինոն ինձ տանում է երևակայական աշխարհ, որտեղ մարդիկ, կերպարները ապրում, խոսում , երազում են այնպես, ինչպես ես եմ ընկալում իմ շրջապատը, իսկ գիրքն ինձ վերադարձնում է ինձ, ինձ բերում է այնտեղ, ուր ես երջանիկ եմ՝ ինքս ինձ մոտ: Այս բոլոր աշխարհները կարևոր են և ձևավորում են այն մարդուն, ով կամ և դեպի ում շարունակում եմ քայլել:

 
Ձեր գրական նիւթերուն աղբիւրները ո՞ւրկից կ առնէք, ո՞վ է Ձեր հիմնական մատակարարող միջավայրը: Դուք Ձեզի ո՞ւր աւելի հարազատ կը գտնէք:

 

Իմ ստեղծագործությունների աղբյուրը մարդն է: Մարդն՝ իր զգացմունքներով, իր որոշումներով, իր քաջություններով ու վախերով: Ես ոգեշնչվում եմ տեսնելով, թե մարդը ինչպես է կարողանում փոխել իր ափագծերը: Այո, դա հնարավոր է անել, եթե կարողանում ես որոշում կայացնել: Որոշում՝ հասնել այն ամենինի, ինչի մասին երազում ես, ինչին ձգտում է քո հոգին, ինչ առաքելությամբ, որ եկել ես այս աշխարհ: Չկա իմաստ կյանքի մեջ, եթե այն պիտի ապրես խեղճացած, վախերով, հարմարված իրավիճակին: 
Ես ինձ ավելի հանգիստ ու ներդաշնակ եմ զգում մենակության մեջ: Չեմ սիրում աղմկոտ վայրեր, չեմ սիրում հավաքներ, քեֆեր, մեծ միջոցառումներ: Իմը՝ լեռերն են, զուլալ դաշտերը, բնությունը, իմ անկյունը, որտեղ ես կարող եմ ժամերով նստել մտորել կամ ստեղծագործել:

 
Գրքերու պարագային, ի՞նչպիսի նորութիւններ ունիք, որոնց մասին կրնաք ներկայացնել խմբակիցներուն, եւ ի՞նչպիսի թեմաներու մասին գրած էք եւ ի՞նչու:

 

Մի քանի օրից լույս կտեսնի իմ՝ ՛՛Անհնարինը՝ հնարավոր՛՛ գիրքը: Գիրքը երջանիկ, հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքի մասին է: Այն մասին, որ կան տիեզերական օրենքներ, որոնց հետևելով անհնարինը դառնում է հնարավոր: Գրքում ոչ միայն իմ կյանքի փորձն է, այլ նաև մեր հասարակությանը հայտնի ու ժողովրդի կողմից սիրված մարդկանց : Նրանք գրքի ընթերցողների հետ կիսվում են ամենակարևորով՝ ինչպես դառնալ հաջողակ ու հասնել երազանք-նպատակիդ: Այս գիրքը ամեն մեկին կտա երջանիկ լինելու բանալին: Համենայն դեպս ես այդպես եմ ուզում և դա էր գիրքը գրելու իմ ամենամեծ նպատակը: Կա՛ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինելու գաղտնիք. Ես այն փոխանցում եմ իմ գրքում.

 
Ըստ Ձեզի, գրքերու պարագային, ներկայ ընթերցողին ինչն է որ կը հետաքրքրէ, իսկ հեռատեսիլի պատմութիւններուն որոնց սինարիոն կը գրէք , ի՞նչպիսի նիւթեր կը ծեծէք եւ ի՞նչու:

 

Ես, որպես ժամանակակից մարդ, մի քանի տարի շարունակ ընթերցում եմ անձի համակարգային զարգացման մասին գրականություն: Որովհետև համոզված եմ, որ ամեն բան գալիս է մարդու ներաշխարհից: Եթե դու չես կարողանում հաղթահարել ինքդ քեզ, քո ներսի թուլություններն ու վախերը՝ դու չես կարող դառնալ ինքդ քո լավագույն տարբերակը: Իսկ այդպիսին դառնալ անպայման պետք է: Դա է կյանքի իմաստը՝ հասնել քո կատարյալ տարբերակին: 
Հիմա շատերն են այդպիսի գրականություն ընթերցում, հաճախում նման թեմաներով սեմինարների, թրենինգների: 
Հեռուստասերիալների մեջ ես կերպարներին փորձում եմ տեսնել խորքային՝ նրանց աշխարհը, մտքերն ու ապրումները: Բայց մեր պայմաններում՝ Հայաստանում, հնարավոր չէ գրել այնպիսի հեռուստասերիալներ, որոնց ամեն կերպարի վրա աշխատած կլինես: Պատճառը ժամանակի սղությունն է: Աշխատում ենք առանց կանգնելու՝ անընդհատ, ամեն օր, ամիսներ շարունակ: Դա դաժան ու ծանր աշխատանք է:

 
Հետաքրքրական կայք մը պատրաստած էք, որ մեծ աշխատանքի կը կարօտի՝ «Իմ Գիրքը» անունով, որուն միջոցաւ հետաքրքրուողները կրնան իրենց փափաքած գրքերը գնէլ եւ ունենալ, բոստի միջոցաւ, ուր որ ալ ըլլայ ենթական: Այս մասին ինչպիսի լուսաբանութիւն կրնանք տալ խմբակիցներուն:

 

-Նման կայք ունենալը իմ երազանքներից մեկն էր, որը կյանքի կոչեցի : Mybook.am –ը գրքերի աշխարհ է: Ես նպատակ ունեմ տեղադրել նաև արևմտահայ գրականություն, որը կարող են ձեռք բերել աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը: Ուստի, օգտվելով առիթից, նաև համագործակցության առաջարկ եմ անում արևմտահայերեն գրականություն տպագրող հրատարակչություններին, տպարաններին ու հեղինակներին: Կայքում տեղադրված են նաև արևելահայերենով ստեղծագործողների աշխատանքներ, ինչպես նաև աուդիոգրքեր, դասական գրականություն: Կայքը նոր է, աշխատում ենք ամեն օր, որպեսզի այն դառնա վստահելի:

 
Արփի Վանեանը, ի՞նչպիսի անկատար ծրագիրներ ունի որոնց մասին կը մտածէ իրագործել:

 

-Ծրագրեր շատ ունեմ, բոլորն էլ Աստծո կամքով՝ իրագործելու եմ: Հերթականը՝ ևս երկու գրքի հրատարակությունն է. մեկը գեղարվեստական է՝ հիմնված իրական փաստերի վրա: Այն պատմում է Բաքվի դեպքերի ժամանակ տանը միայնակ մնացած 20-ամյա մի հայուհու մասին. Կոտորած, սեր, հերոսություն և հրաշքով փրկություն: Մյուսը՝ պատմաֆանտաստիկ վիպակ է՝ Ջումանջեի նման: Սփյուռքից մի խումբ հայ երիտասարդներ գալիս են Հայաստան, հայտնվում են կախարդական ամրոցում, որտեղից ամեն երեկո, ծիրանափողի միջոցով, հայտնվում են հայոց պատմության այս կամ այն ժամանակահատվածում: Եվ միան իրենց գիտելիքների շնորհիվ նրանք կարողանում են հասկանալ, որ դարում են, ինչ պատմական դեպքերի են ականատես լինում, կատարում են ճիշտ որոշում և դուրս գալիս այդ էջից: Մի շնչով կարդացվող ու մի շատ կարևոր նպատակ հետապնդող գիրք է՝ որպեսզի մեր երիտասարդները նաև այս միջոցով ծանոթանան հայոց պատմությանը:
Ունեմ նաև պոեզայի, արվեստի սիրահարների համար գեղեցիկ միջավայր ստեղծելու գաղափար, բայց այդ մասին՝ հետո 

 
Ժամանակին տարիներ առաջ, երբ յատուկ ծրագրով եկած էի Հայաստան եւ մնացի բաւական ժամանակ, կը հետեւէի սերեալի մը, որուն անունն էր՝ «Ուր է իմ Տղամարդը»: Ինչպիսի փորձառութիւն տուաւ Ձեզի այս սերիալը եւ արդեօք ունեցաւ անկիւնադարձ Ձեր աշխատանքի կեանքին մէջ:

 

-Դա իմ կանքում գրված առաջին սերիալն էր: Ես, ապրում էի Արցախի փոքրիկ քաղաքում, որտեղ երազում էի մեծ գործերի մասին: Երազում էի սերիալներ գրելու, ֆիլմեր ու գրքեր գրելու մասին: Այդ երազանքը մի օր մեջքիս թևեր նկարեց ու ես թռա-հասա Երևան: Ապա գնացի երազանքիս հետքերով, և ինձ Արմենիա հեռուստաընկերությունից առաջարկեցին շարունակել ՛՛Ուր է իմ տղամարդը՛՛ հեռուստասերիալի սցենարը: Սերիալն արդեն բավականին ժամանակ եթերում էր, բայց ինչ-որ խնդիր կար սցենարիստի հետ կապված: Դա իմ կողմից խենթ որոշում էր՝ ես համաձայնեցի: Դաժան և միևնույն ժամանակ շատ օգտակար փորձություն էր, որն ինձ միանգամից հասունացրեց, լրջացրեց: Ես հասկացա, թե ինչ է նշանակում աշխատել օրը 20 ժամ, և դա անել ամիսներ շարունակ: Ես սովորեցի մտածել միաժամանակ մի քանի հոգու նման, խոսել տարբեր մարդկանց լեզվով:Մի խոսքով, այդ սերիալը եկավ ինձ ասելու, որ երազելուց զգույշ եղեք՝ դրանք իրականանալու հատկություն ունեն:  

 
Մեր ականջին հասած է թէ դուք կը պատրաստուիք աշխարհահռչակ շարժանկարի կեդրոններու հետ գործակցիլ, այդ մասին ի՞նչ կրնաք ըսել:

 

Կարծում եմ ցանկացած սցենարիստի համար Հոլիվուդը երազանքի բարձր կետ է: Ես բացառություն չեմ: Միշտ երազել եմ ու շարունակում եմ երազել այդ մասին: Սակայն մի քանի ամիս առաջ կատարվեց, թվում էր թե անհնարինը՝ Հոլիվուդից ֆիլմ գրելու առաջարկ ստացա: Գրեցի: Հավանեցին: Պատրաստվում են նկարահանման: Նկարահանումները կսկսվեն ամռանը: Մի մասն էլ կիրականացվի հենց Հայաստանում:

 
Ի՞նչ կը փափաքիք իրականացնել այսքան տարիներու փորձառութենէն վերջ:

 

Երազում եմ գրել այնպիսի գրքեր և այնպիսի ֆիլմերի սցենարներ, որոնք այս աշխարհը կդարձնեն մի քիչ ավելի լավը: Որպեսզի աշխարհը դառնա լավը, պետք է նրա բնակիչները դառնան երջանիկ: Դա է հիմա իմ ամենամեծ երազանքը: Իմ գիտելիքները, իմացածը, ապրածը, կարդացածը, փորձառությունը փոխանցել մարդկանց, որպեսզի նրանք,ովքեր այս պահին ունեն աջակցության խնդիր, ովքեր հիասթափված են, կոտրված, ավքեր դադարել են հավատալ իրենք իրենց, իրենց երազանքին՝ կանգ առնեն, խոր շունչ քաշեն ու ասեն՝ ես դա կանեմ , որոշում կայացնեն և փոխեն իրենց կյանքը դեպի լավը, դեպի լուսավորը: Այդ ժամ և աշխարհը կդառնա ավելի լավ ու ավել լուսավոր:

 

Հարցազրոյցը վարեց՝ 
ԱԲԻԿ ԱԲՐԱՀԱՄ ԳԱՆՏԻԼԵԱՆ

Գանատա. 06. Ապրիլ 2019 

keyboard_arrow_up