0
Basket
search

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ. ինչպես սկսել նորից ու հասնել հաջողության

 ԱՐՓԻ ՎԱՆՅԱՆ

Ես որոշեցի սկսել  իմ հաջողության բլոգը: Ինչու՞, որովհետև  այսօր, քան երբևէ մեր ժողովուրդը կարիք ունի ոգեշնչման ու հաջողության:

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած դեպքերը մարդկանց մեծ մասի մոտ նոր կյանք սկսելու,  պայծառ ու  լուսավոր ապագայի , ի դեպ շա՜տ մոտ ապագայի , հանդեպ  հույսեր էին վառել:

Ժամանակը անցնում է, ի՞նչ խոսք, որոշ մարդկանց մոտ կյանքը  փոխվել է՝ սկսել են լավ ապրել, որոշները՝ շա՜տ լավ, իսկ հասարակության  զգալի մասը, ինչպես վատ ու դժվար էր ապրում  շարունակում է ապրել նույն կերպ:

Եվ, բնականաբար,  մարդկանց ներսում հասունանում է հիասթափությունը, մարդիկ սկսում են գիտակցել, որ  ինչպես միշտ՝ խոստումները ոչինչ են և օգտագործվում են, երբ պետք են խոստանողին: Մարդիկ տեսնում են, որ իրենց հույսերը սին են ու… դառնում են տխուր, իրենց զգում խաբված…

…Ոչ, այս բլոգը քաղաքական չէ, չեմ ուզում գրել քաղաքականության մասին, որովհետև այդ մասին գրում ու խոսում են ամենուր: Ես ուզում եմ գրել մարդկանց մասին, ա՛յն մասին, թե ինչպես, անկախ ամեն ինչից, անկախ մեր շուրջը կատարվող իրադարձություններից՝ փորձել  ոտքի կանգնել, իրականացնել մեր նպատակները, քայլել առաջ, հարստանալ,  դառնալ հաջողակ, երջանիկ, հասնել մեր երազանքներին:

Այո, դա հնարավոր է: Ավելին,  բոլորիս քաջ հայտնի համաշխարհային հռչակ ունեցող միլիոնատերեր  իրենց կարերան սկսել են հենց  կրիտիկական կետից, այն պահից, երբ  այլևս կորցնելու ոչինչ չունեին, երբ հասել էին հատակին: Ընթերցելով նրանց կենսագրությունը, ուզում եմ ձեզ հետ կիսվել այն առանցքային մտքով, որը փոխել է նրանց կյանքը:

Հասնելով կյանքի հատակին նրանք ՈՐՈՇՈՒՄ  են կայացրել՝ իրենց ձեռքը վերցնել սեփական կյանքն ու սեփական ճակատագիրը և փոխանակ բողոքելու կյանքից, ճակատագրից, Աստծուց, երկրից իրենք իրենց հարցրել են. Ի՞ՆՉ ԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ ԻՍԿԱՊԵՍ:

Սա շատ կարևոր հարց է: Հարց, որը կարող է փոխել բոլորի մտածելակերպը, իսկ դրանից ելնելով նաև՝ կյանքը:

Ես անդադար այդ հարցը ուղղում եմ ինձ շրջապատող կայացած և ոչ այնքան կայացած մարդկանց և չեք հավատա, նրանց  ահռելի մեծամասնությունը չգիտի, թե ինչով  է ինքը իսկապես ուզում զբաղվել: Շատերն ասում են՝ լավ գործ, որ փող բերի: Դա ոչինչ չասող պատասխան է:

ԱՌՋԱԴՐԱՆՔ-  փորձեք առանձնանալ մի հանգիստ վայրում և ինքներդ ձեզ հարցնել. Ինչո՞վ եմ ես ուզում զբաղվել սրտանց: Ի՞նչը ես կանեի օրը 20 ժամ ու կանեի հաճույքով: Փորձեք անպայման գտնել այդ հարցի պատասխանը: Դա շատ կարևոր ու ճակատագրական շրջադարձ կլինի ձեր կյանքում:

Երբ գտնեք, կզգաք, որ դուք բողոքողի ալիքից  տեղափոխվեցիք  հնարավորությունների դաշտ: Հաջորդ հարցը պետք  է լինի՝ ինչպե՞ս հասնեմ իմ ուզածին: Վերցրեք թուղթ ու գրիչ և գրեք  ձեր ուզածին հասնելու հնարավոր 10 տարբերակ: Ապա  սկսեք  հերթով քայլեր անել այդ տարբերակների ուղղությամբ: Դուք ինքներդ էլ կզարմանաք, տեսնելով, թե ինչպես է   դրական էներգիան կլանում ձեզ, թե ինչպես են ձեր առաջ  նոր հնարավորություններ բացվում, նոր ինֆորմացիաններ, հետաքրքիր  առաջարկներ, հանդիպումներ:

Պարզապես հնարավոր չէ, որ այդպես չլինի, որովհետև  գոյություն ունի ձգողականության օրենք:  Մինչ այս պահը, երբ գտնվում էիք բացասականի, բողոքների, տրտունջների դաշտում, այդ օրենքի համաձայն ձեր կյանք  էիք քաշում նույնանման  իրադարձություններ, իսկ հիմա երբ  տեղափոխվեք հնարավորությունների դաշտ՝ ձեր կյանք կսկսեք քաշել  հնարավորություններ:

ՍԿՍԵՔ ՀԻՄԱ. ԿՅԱՆՔԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ Ա՛ՅՍ ՊԱՀԻՆ

(շարունակելի)

 

 

keyboard_arrow_up