0
Basket
search

Շփվեք նրանց հետ, ում երազանքներն իրականանում են. Արփի Վանյան

Ըստ Արփի Վանյանի՝ բոլորս գենետիկորեն արդեն գիտենք ապրելու, երջանիկ լինելու, առողջ լինելու, հաջողակ ու հարուստ լինելու գաղտնիքը, պարզապես պետք է վեհիշել այդ մասին: Այս և շատ այլ թեմաների մասին Slaq.am-ը զրուցեց լրագրող, սցենարիստ Արփի Վանյանի հետ:

 

-Լրագրող, խմբագիր, սցենարիստ, գրող ստեղծագործական այս քառանկյունին ի՞նչ տարբերություններ և ընդհանրություններ ունի Ձեր համար:

-Լրագրությունն ինձ տանում է իրական աշխարհ, որտեղ քաղաքականությունն է իր բարդ ոլորաններով, հասարակությունն՝ իր պահանջներով , մոլորություններով ու անսպառ կամքով: Կինոն ինձ տանում է երևակայական աշխարհ, որտեղ մարդիկ, կերպարները ապրում, խոսում , երազում են այնպես, ինչպես ես եմ ընկալում իմ շրջապատը, իսկ գիրքն ինձ վերադարձնում է ինձ, ինձ բերում է այնտեղ, ուր ես երջանիկ եմ՝ ինքս ինձ մոտ: Այս բոլոր աշխարհները կարևոր են և ձևավորում են այն մարդուն, ով կամ և դեպի ում շարունակում եմ քայլել:

- Ֆեյսբուքյան Ձեր էջում հանդիպեցի «Անհնարինը՝ հնարավոր» խորագրի ներքո գրված տողեր, հետո պարզեցի, որ դրանք Ձեր հեղինակային գրքից մեջբերումներ են : Ե՞րբ է լույս տեսնելու գիրքը և առհասարակ ինչի՞ մասին է այն:

-Գիրքը երջանիկ, հարուստ ու հաջողակ լինելու գաղտնիքի մասին է: Այն մասին, որ կան տիեզերական օրենքներ, որոնց հետևելով անհնարինը դառնում է հնարավոր: Գրքում ոչ միայն իմ կյանքի փորձն է, այլ նաև մեր հասարակությանը հայտնի ու ժողովրդի կողմից սիրված մարդկանց՝ ինչպիսիք են ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, Սոֆի Դևոյանը, Աբրահամ Ռուսսոն, Մարիամ Մերաբովան, Շուշաննա Թովմասյանը, Բակուր Մելքոնյանը /Արտ լանչ/ Կարեն Պողոսյանը /Զոլոտոե Պոլե/ և շատ այլ հայտնի ու հաջողակ մարդիկ: Նրանք գրքի ընթերցողների հետ կիսվում են ամենակարևորով՝ ինչպես դառնալ հաջողակ ու հասնել երազանք-նպատակիդ: Այս գիրքը ամեն մեկին կտա երջանիկ լինելու բանալին: Համենայն դեպս ես այդպես եմ ուզում և դա էր գիրքը գրելու իմ ամենամեծ նպատակը: Կա՛ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինելու գաղտնիք. Ես այն փոխանցում եմ իմ գրքում. Այն արդեն տպարանում է և շատ շուտով լույս կտեսնի:

Կա՛ հարուստ, հաջողակ ու երջանիկ լինելու գաղտնիք. Ես այն փոխանցում եմ իմ գրքում:

 

На данном изображении может находиться: Арпи Ванян

- Ձեր ստեղծագործական ներշնչանքի աղբյուրն ի՞նչը կամ ո՞վ կարող է լինել՝ հատկապես գիրք գրելիս:

-Իմ ներշնչանքի աղբյուրը մարդն է: Ես հավատում եմ, որ մարդն ամեն բանի կարող է հասնել, եթե իհարկե, իր երազածը բարի է և հաճո Աստծոն: Ինձ հետաքրքիր է ոչ թե վերջնակետն, այլ այդ կետին հասնելու ողջ ընթացքը, ճանապարհը: Ես ոգեշնչվում եմ, երբ տեսնում եմ, որ այն, ինչի մասին գրում եմ, ինչին հավատում եմ՝ իրականում աշխատում է: Այդ ՛՛հրաշք՛՛ կոչվածն ամեն օր կատարվում է ինձ հետ, և դա չի կարող չոգեշնչել: Ես փորձում եմ ամեն իրավիճակում /անգամ վատ/ գտնել լավ կողմ: Անալիզի եմ ենթարկում իրավիճակն ու հավատացեք՝ գտնում եմ այդ լավ կողմը: Կյանքը, իրականում, բոլորին շանսեր է տալիս, պարզապես մեզանից ոմանք չեն հավատում իրենք իրենց, ոմանք՝ կյանքին, ոմանք՝ իրենց ներսի Աստծուն, ոմանք պարզապես ալարում են, ծուլանում և թույլ տալիս, որ հոսանքը տանի իրենց: Ես կարծում եմ որ երազանքիդ հասնել կամ չհասնելու համար կա երկու միջոց. Կամ դու ասում ես. ՛՛Սա խնդիր է, իսկ հիմա պետք է մտածել, թե ինչպես լուծել այս խնդիրը՛՛, կամ էլ սկսում ես հազար ու մի պատճառ փնտրել, հորինել, գտնել, ապացուցելու համար, թե ինչու չես կարողանում անել այն, ինչ ուզում ես: Այս երկուսից, որի վրա կենտրոնանում ես՝ դա էլ սկսում է ակտիվանալ քո կյանքում:

-Արփի, Ձեր էջում կարդացի նաև, որ մարդիկ առաջարկում են, որպեսզի դուք այս թեմաներով զրույցներ կազմակերպեք, թրենինգներ, անգամ Իրինա Հակամադային են օրինակ բերել : Ի՞նչ եք դուք մտածում այս թեմայի շուրջ:

-Այո, կան նման առաջարկներ: Մտածում եմ, գուցե և անեմ: Բայց դա դասախոսություն չի լինի, դա կլինի պարզապես իմ իմացածի, կարդացածի, ապրածի, իմ փորձի փոխանցումը: Ու եթե դրանից գոնե մեկ հոգի որոշի փոխել իր կյանքը՝ ես շատ երջանիկ կլինեմ:

-Ընդհանրապես ի՞նչ է ուզում կարդալ ժամանակակից ընթերցողն ըստ Ձեզ:

-Այսօր ժամանակակից մարդը հասկացել է, որ ամեն բան գալիս է իր ներսից. Լիդեր լինելը, հաջողակ լինելը, երջանիկ լինելը: Եթե դու ինքդ քեզ չես ճանաչում, չես վստահում, չես հավատում, չես սիրում, ապա կյանքում ոչ մի բանի չես կարող հասնել: Ու դրա համար էլ հիմա շատ-շատերը ընթերցում են հենց անձի համակարգային զարգացման մասին գրականություն: Եվ դա, ըստ իս, շատ ճիշտ որոշում է:

-Այս գիտելիքները օգնու՞մ են ձեզ հեռուստասերիալներ, ֆիլմեր գրելու ժամանակ:

-Այո, շատ են օգնում: Ես կերպարներին փորձում եմ տեսնել խորքային՝ նրանց աշխարհը, մտքերն ու ապրումները: Բայց մեր պայմաններում հնարավոր չէ գրել այնպիսի հեռուստասերիալներ, որոնց ամեն կերպար վրա աշխատած կլինես: Պատճառը ժամանակի սղությունն է: Աշխատում ենք առանց կանգնելու՝ անընդհատ, ամեն օր, ամիսներ շարունակ: Դա դաժան ու ծանր աշխատանք է, շատ-շատ ծանր:

- Ներկայում ստեղծագործական ի՞նչ փուլում եք, ի՞նչ աշխատանք եք կատարում:

-Հիմա ինձ մոտ ստեղծագործական բուռն ընթացք է. Գրում եմ: Այս պահին աշխատում եմ ևս երկու գրքի վրա. մեկը գեղարվեստական է՝ հիմնված իրական փաստերի վրա: Այն պատմում է Բաքվի դեպքերի ժամանակ տանը միայնակ մնացած 20-ամյա մի հայուհու մասին. Կոտորած, սեր, հերոսություն և հրաշքով փրկություն: Մյուսը՝ պատմաֆանտաստիկ վիպակ է՝ Ջումանջեի նման: Սփյուռքից մի խումբ հայ երիտասարդներ գալիս են Հայաստան, հայտնվում են կախարդական ամրոցում, որտեղից ամեն երեկո, ծիրանափողի միջոցով, հայտնվում են հայոց պատմության այս կամ այն ժամանակահատվածում: Եվ միան իրենց գիտելիքների շնորհիվ նրանք կարողանում են հասկանալ, որ դարում են, ինչ պատմական դեպքերի են ականատես լինում, կատարում են ճիշտ որոշում և դուրս գալիս այդ էջից: Մի շնչով կարդացվող ու մի շատ կարևոր նպատակ հետապնդող գիրք է՝ որպեսզի մեր երիտասարդները նաև այս միջոցով ծանոթանան հայոց պատմությանը:

 

Հարցազրույցը պատրաստեց Ամինա Ղազարյանը

keyboard_arrow_up