0
Basket
search

Սցենարիստ Արփի Վանյանը Հոլիվուդի համար ֆիլմ է գրել. Բացառիկ հարցազրույց

-Հարգելի Արփի,   հեռուստատեսությամբ տված Ձեր հարցազրույցը շատ փակագծեր բացեց սերիալային կյանքի, ինչպես նաև դժվարությունների  և այն ամենի մասին, ինչին տեղյակ չէ հեռուստադիտողը: Դուք ասացիք նաև, որ հեռուստաֆիլմեր գրելը Ձեր երազանքն է եղել:

 

-Այո, երազելուց պետք է շատ զգույշ լինել, որովհետև երազանքները իրականանում են: Ես տարիներ առաջ՝ ապրելով Արցախի փոքրիկ քաղաքներից մեկում, չգիտեմ ինչու, բայց սկսեցի երազել  ֆիլմեր գրելու մասին:  Երազեցի ու այն միանգամից դարձրեցի նպատակ, սկսեցի ճանապարհներ փնտրել և իմ ճանապարհին , գուցե ճակատագրի հրամանով, հայտնվեցին մարդիկ, ովքեր հավատացին ինձ ու  հեռուստատեսություն մուտք գործելու  հնարավորություն տվեցին:

 

-Ու՞մ մասին է խոսքը, եթե գաղտնիք չէ:

 

 

 

-Իհարկե գաղտնիք չէ, ավելին, ես մեծ երախտագիտությամբ եմ միշտ այդ մասին  խոսում. Այդ  մարդը Դավիթ Բաբախանյանն է ՝ այսօր Արմենիա հեռուստաընկերության  տնօրենը: Այն ժամանակ նա Արմենիայում  պրոդյուսեր էր: Մի քանի  խնդիր տվեց, առաջադրանքներ, գրեցի, հավանեց և միանգամից առաջարկեց շարունակել ՛՛Ուր է իմ տղամարդը՛՛ հեռուսասերիալը: Ես հիմա , տարիներ անց եմ միայն հասկանում, թե որքան ռիսկային առաջարկ է արել նա:  ՈՒ ստացվում է, որ Դավիթ Բաբախանյանն իր այդ քայլով իմ առաջ բացել է հեռուստատեսության դռները, ինչի համար  ես նրան միշտ շնորհակալ եմ՝ անկախ նրանից՝  այսօր աշխատու՞մ ենք միասին , թե՞ ոչ:

 

-Շատ լավ է, որ  մեր ճանապարհներին լավ մարդիկ են հանդիպում, դա կարևոր է, բայց պակաս կարևոր չէ աշխատասիրությունը: Շատերից եմ լսել, որ դուք անասելի աշխատասեր եք:

 

-Շնորհակալ եմ /ժպտում է/ ու նաև  շատ եմ սիրում իմ աշխատանքը: Թեպետ հաճախ հոգնում եմ, երբեմն նաև հիասթափվում, բայց միշտ մի բան ստիպում է մնալ ու շարունակել ստեղծագործել:

 

-Յոթ, ութ հաջողված նախագծեր, նաև   գլխավոր խմբագրի աշխատանք լրատվական կայքերում, թերթում, ինչպես նաև հեղինակային գրքեր, ընտանիք...  այսքան զբաղվածությունը մի քիչ շա՞տ  չէ կնոջ համար:

 

-Չգիտեմ /ծիծաղում է/ դրա մասին մտածելու ժամանակ չկա... Ես սիրում եմ զբաղված լինել՝ դա իմ թուլությունն է:

 

-Փորձում եմ պատկերացնել ու դժվարանում  եմ, թե որքան դժվարությունների միջով եք անցել և գուցե անցնում: Ինչպե՞ս հաղթահարել դժվարություններն ու մնալ լավ մարդ, չչարանալ հոգով:

 

-Այո, ցավոք դժվարություններն ամենուր են և դրանք հանդիպում են  ինչպես արհեստական խոչընդոտների, այնպես էլ մարդկանց տեսքով. Մեր կյանքում շատ են բարի ու չար, նախանձ ու լավատես, կայացած և ուրիշներին նսեմացնելով կայանալ ցանկացող, առանց էմոցիաների և էմոցիոնալ մարդիկ...Պետք է կարողանալ նրանց հասկանալ, իսկ երբ հասկանում ես՝ ներում ես, որովհետև վատ մարդուն խղճում ես նրա համար , որ  ինքը վատն է, իսկ լավ մարդով՝ ուրախանում:

 

-Արփի,  ասում են, որ դուք հիմա Հոլիվուդի համար ֆիլմ եք գրում, դա ճի՞շտ է . մի քիչ կմանրամասնե՞ք: 

 

-Այո, ճիշտ է, բայց մանրամասներ ներկայացնել չեմ կարող՝ ըստ պայմանավորվածության: Կարող եմ  միայն ասել, որ  պատմական ֆիլմ է և ֆիլմում նկարահանվելու են Հոլիվուդյան հայտնի դերասաններ:

 

-Հիրավի դա նոր վերելք է ձեր կարիերայում:

-Այո, բայց ես այս պահին այդ ուղղությամբ չեմ մտածում: Այլ ուզում եմ, որ ֆիլմը շատ լավը ստացվի և դրա համար  սիրտ, հոգի ու ժամանակ եմ դնում:

 

-Փաստորեն դուք ապացուցում եք, որ  կարող են իրականանալ երազանքները:

-Ես դա միշտ գիտեի, բայց մի բան հաստատ է. երազանքների իրականացումը  կամք ու շխատասիրություն է պահանջում , ինչպես  նաև մի քիչ էլ խենթություն, որ կարողանաս մտածել  հորիզոնների մասին:

 

-Շնորհակալ ենք և հաջողություն ենք մաղթում Ձեր աշխատանքին:

 

-Ես էլ եմ շնորհակալ:

 

 

Արև Հայրապետյան

shamshyan.com

keyboard_arrow_up