0
Basket
search

Սյուզի Աղամալյանի ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Սյուզի  Աղամալյան՝ 12 տարեկան

Ք. Երևան

ՍՅՈՒԶԻ -  Հինգ տարեկան էի, երբ մայրս ինձ տարավ երաժշտական դպրոց: Ես այն ժամանակ չէի հասկանում, թե  ուր կարող էր ինձ հասցնել այդ որոշումը: Պարզապես ինձ հետաքրքր էր երաժշտությունն ու գնացի: Իսկ հետաքրքիր էր, որովհետև մայրս  երաժշտական ընտանիքում է մեծացել, ինքն էլ երաժշտական կրթութուն ունի, և փոքրուց ինձ համար միշտ օրորոցային էր երգում, նաև նվագում տարբեր ժանրերի երաժշտություն:

Ես սկսեցի պատասխանատվությամբ հաճախել երաժշտական դպրոց՝ առանց դրան հատուկ կարևորություն տալու: Դա տևեց ուղիղ մեկ  տարի:

Երկրորդ դասարանում սոլֆեջոյի դասատուս՝ Սավկինա Վերա Վալերևնան նկատեց, որ ես  բացարձակ լսողություն ունեմ, նույնն էլ ասաց մորս: Իմ ներսում ինչ-որ բան կատարվեց: Ասես մեկը մի մութ տեղում լույս վառեց:

ՍՈՆԱ /Սյուզիի մայրը/

-Այդ օրվանից սկսած Սյուզիի համար երաժշտությունն ասես դարձավ  կյանքի իմաստ, նպատակ: Ես զարմանքից տեղս չէի գտնում.   Նրա մոտ օր-օրի զարգանում էին ընդունակությունները, և մի օր հենց  սոլֆեջոյի դասին հանձնարարություն ստացավ երգ երգել: Սյուզին եկավ տուն, նստեց դաշնամուրի մոտ և այնպիսի ներդաշնակությամբ կատարեց այդ ստեղծագործությունը, որ ես հասկացա՝ ահա նրա  տեղը, նրա տարածքը: Հաջորդ օրը   խնդրեցի, որ նրա սոլֆեջոյի դաստանուն լսի նրան: Լսեց ու միանգամից խորհուրդ տվեց տանել  կոմպոզիցիայի դասերի՝ տիկին Դիվանյանի մոտ: Քանի որ Սյուզին այդ պահին պարզապես լավ զգում էր երաժշտությունը,  այլ ոչ թե ստեղծագործում Նաիրա  Միխաիլովնան  նրան վերցրեց  փորձնական և նրանք սկսեցին պարապել:

ՍՅՈՒԶԻ

 -Շատ-շատ դժվար էր: Ինձ մոտ ամեն ինչ սկզբից ծանր էր առաջ գնում: Ես փորձում էի, բայց ինձ թվում էր, որ չի ստացվում: Ցանկությունս մեծ էր, հիասթափությունս՝ ևս: Ես , որ սկզբից շատ ոգևորված էի, սկսեցի վախենալ ու այլևս չհավատալ իմ ուժերին ու մի օր էլ որոշեցի, որ այլևս չեմ հաճախի այդ դասերին: Գնացի մորս մոտ ու խնդրեցի, որ թույլ տա հրաժարվել այդ դասերից:

ՍՈՆԱ /Սյուզիի մայրը/

-Ես տարակուսանքի մեջ էի՝ մի կողմից զգում էի, որ հրաժարվել պետք չէ, մյուս կողմից  երեխայիս հոգեվիճակն էր ինձ վրա ազդում: Երկրորդ կիսամյակը նոր էր սկսվել և մենք դեռ չէինք հաճախում դասի: Դպրոցի միջանցքում տեսնելով տիկին Դիվանյանին, մոտեցա, որպեսզի հրաժարվեմ դասերից, երբ հանկարծ , կայծակնային արագությամբ մի միտք եկավ գլուխս: Պետք  չէ դա անել: Որովհետև հրաժարվել  այն բանից, ինչը քեզ ոգևորում է, կարող են միայն թույլ մարդիկ, իսկ ուժեղները պայքարում են ու հասնում իրենց նպատակին: Սյուզին փոքր է, դեռ չի հասկանում, բայց ես հո մեծ եմ ու ես պարտավոր եմ նրան այդ շանսը տալ: Եվ վայրկյանական մտադրությունս փոխելով ասացի՝ մենք վաղը ժամը քանիսի՞ն գանք դասի: Տեսա Սյուզիի ապշահար հայացքն ինձ ուղղված: Դասատաուն  ժամ նշանակեց ու հեռացավ:  Ես ժպտացի, երեխան ևս ժպտաց ու մենք երկուսով, ենթագիտակցորեն այդ պահին հասկացանք, որ շատ կարևոր ՈՐՈՇՈՒՄ ենք կայացրել. Որոշում՝  չհիասթափվել, հետ քայլ չանել, այլ գնալ երազանքի, նպատակի ետևից:

ՍՅՈՒԶԻ

 -Եղան երկար, անվերջանալի ժամեր, օրեր,  որոնց ընթացքում ես անընդհատ աշխատում էի ու ծնվեց մի  ստեղծագործություն, որն անվանեցինք  ՛՛Անհանգիստ շարժում՛՛: ՈՒ մի օր իմ դասատուն ինձ ասաց. ՛՛Ես քեզ ուզում եմ ուղարկել մասնակցելու Վերածնունդ միջազգային  մրցույթ-փառատոնին որպես պատանի կոմպոզտոր: ճիշտ է, ես այդ ժամանակ դաշնամուրի բաժնի երրորդ դասարանի աշակերտուհի էի, բայց ընդամենը ինը տարեկան էի  և երեք ամիս էր ինչ հաճախում էի կոմպոզիցիայի դասերի: Ես շոկի մեջ էի: Զգացի, որ   մեջքիս թևեր են բացվում՝ վազեցի մորս մոտ:

ՍՈՆԱ

-Ես իմ աղջկա ամենալավ աջակիցն եմ, ամենալավ ընկերն ու ամենից շատ, մինչ այդ ես էի նրան թևեր տալիս, ոգևորում: Այդ ամենով հանդերձ ես նաև նրա ամենամեծ քննադատն եմ: Ես հանկարծակիի եկա այդ լուրից ու, ինչ մեղքս թաքցնեմ, չհավատացի, որ նա կկարողանա, չուզեցի, որ երեխաս մասնակցի ու սթրեսի ենթարկվի:

Բայց սա այդ դեպքը չէր: Որքան փորք էր իմ հավատը, այնքան մեծ էր Սյուզիի հավատը: Նրա դասատուն կարողացել էր  այնպիսի մեծ հավատ ներշնչել նրան և այնպիսի վստահություն ներարկել սեփական ուժերի հանդեպ, որ նա պատրաստ էր կատարելու անհարինը: Ինձ մնում էր միայն համաձայնել:

ՍՅՈՒԶԻ

-Ընդամենը երեք ամսվա աշխատանքով գնացի մասնակցելու այդ մրցույթին: Ես հավատում էի, որ կկարողանամ, վստահում էի իմ ուժերին ու այդ հավատը ինձ  մղեց առաջ: Մասնակցեցի փառատոնին և արժանացա երրորդ մրցանակի: Դա իմ կյանքի ամենամեծ նվաճումն էր, որն ինձ թևավորեց և  հաստատեց  իմ հավատն առ այն, որ անհնարին ոչինչ չկա, եթե դու շատ ես ուզում մի բան, շատ ես աշխատում և հավատում ես քո ուժերին:

ՍՈՆԱ /Սյուզիի մայրը/

Դա իսկապես մեծ հաղթանակ էր, հաղթանակ սեփական վախերի հանդեպ: Սյուզին հավատաց ինքն իրեն և հրաշալի իարադարձություններն իրենց սպասել չտվեցին: Մեկ ամիս անց մասնակցեց   Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների մրցույթին, որի ժյուրիի կազմում  հայտնի ու սիրված մետրերն էին՝ Երվանդ Երզնկյան, Լևոն  Չաուշյան, Մարտին Վարդազարյան, Արամ Սաթյան և մեր օրերի լեգենդ Տիգրան Մանսուրյան: Ու կրկին երրորդ մրցանակ:Հաջորդ տարի Սյուզին մասնակցեց այս նույն մրցույթներին և արժանացավ արդեն երկրորդ մրցանակի:

ՍՅՈՒԶԻ

-ԵՎ երբ Տիգրան Մանսուրյանը գրկեց ինձ ու  գովասանքի խոսքեր ասեց՝ ես հասկացա, որ երազանքներն իրականանում են:

 

keyboard_arrow_up