Անցած շաբաթ տեղեկացանք, որ Բաքվում մեր երկու գերի հայ տղաները դատապարտվել են 11,5 տարվա ազատազրկման, Արցախում էլ ծանր հումանիտար իրավիճակ է, եւ անգամ Կարմիր խաչն է դժվարությամբ օգնություն հասցնում կամ ծանր հիվանդներին դուրս բերում Արցախից։
Այս հարցերի շուրջ զրուցել ենք ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։ «Բուժառուների հետ մեր աշխատանքը մենք իրականացնում ենք անմիջապես աշխատելով տեղի առողջապահական ծառայությունների հետ»,- ասաց նա։ «Ինչ վերաբերում է տեղափոխություններին, այսօր սկսվել են մեր տեղափոխությունները, եւ 11 բուժառու տեղափոխվել է Հայաստան՝ Լաչինի միջանցքով՝ մեր աջակցությամբ»։
Հայտնի է, որ Կարմիր խաչը մեր տարածաշրջանում գրասենյակներ ունի Հայաստանում, Արցախում եւ Ադրբեջանում։ Բայց Ադրբեջանը փորձում է Արցախում Կարմիր խաչի գործունեությունը պարտադրել Բաքվի միջոցով, որ վիզաներ ստանան Ադրբեջանից, Արցախ մեկնեն Ադրբեջանով եւ այլն։ Այս իրավիճակի մասին Ամատունին ասում է, որ Կարմիր խաչը մեկ միասնական կազմակերպություն է եւ իր միջնորդական դերն է իրականացնում։
Բոլոր գործողությունները՝ դեկտեմբերից սկսած, Լաչինի միջանցքով, ռազմագերիների ու այլ պահվող անձանց հետ կապված գործողություններն իրականացվում են իրենց բոլոր գրասենյակների համահունչ աշխատանքի արդյունքում։ Եվ երբ ասում են երկխոսություն, ոչ թե ԿԽՄԿ Հայաստանի ներկայացուցչությունն է Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսում, այլ իրենց կազմակերպության Բաքվի գրասենյակը։
Նույնությամբ հարցերը, որոնք վերաբերում են Հայաստանի իշխանություններին, իրականացվում են եւ քննարկվում են Հայաստանում կազմակերպության ներկայացուցչության պատվիրակների աշխատակիցների միջոցով։ Ցանկացած տեղափոխում իրականացվում է բոլոր որոշում կայացնողների հետ համատեղ, եւ սա արվում է Կարմի խաչի երեք գրասենյակների միջոցով։
Մենք հետաքրքրվեցինք, թե վերջին շրջանում արդյոք կարողացե՞լ են դեղորայք եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներ տեղափոխել Արցախ։ Ամատունին ասաց, որ այս ընթացքում թե՛ դեղորայք, թե՛ մանկական սնունդ կարողացել են սահմանափակ քանակներով տեղափոխել։
«Այսօր այս գործողությունների ընթացքում միայն մարդկանց ենք տեղափոխել»,- տեղեկացրեց Զառա Ամատունին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելուն, հարազատների հետ կապ հաստատելուն, ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ այդ մասով աշխատանքներն ընթանում են իրենց ընթացակարգերի համաձայն։ «Վերջին տեսակցությունները տեղի են ունեցել բոլոր անձանց, որոնց պահման փաստը հաստատվել է մեր կազմակերպությանը, հունիսի վերջին, հուլիսի սկզբի օրերին»,- տեղեկացրեց ներ զրուցակիցը։
Կազմակերպության ներկայացուցիչները տեսակցել են հայ գերիներին, ինչ վերաբերում է տեսագրված ուղերձներին կամ հեռախոսազանգերին, նամակներին, բնականաբար, այս ամենի հնարավորություն տրվել է բոլորին, բացառությամբ վերջին շրջանում գերեվարված երկու հայերի։
«Նրանց հանդեպ կիրառվել է Կարմիր խաչի նամակների տեսքով կապի միջոցով հնարավորությունը ընտանիքների հետ»,- ասաց Ամատունին։
Իսկ դա պայմանավորված է եղել նրանց առողջական վիճակո՞վ կամ գուցե ոչ պատշաճ տեսքո՞վ՝ գուցե խոշտանգվել են։ Ամատունին ասաց, որ բոլոր նկատառումները քննարկում են պահող իշխանությունների հետ, բայց առանձին անձանց առողջական վիճակին վերաբերող հարցերի մասին հանրային չեն խոսում։
Նա շեշտեց, որ պարտադիր պայման է նամակների փոխանակումը, սակայն պահող կողմն է որոշում՝ կարո՞ղ են գերիները տեսազանգի կամ հեռախոսազանգի միջոցով կապ հաստատել ընտանիքի հետ, թե ոչ։ Ի դեպ, «գերի» բառը մենք ենք օգտագործում՝ ո՛չ Կարմիր խաչը։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավո՞ր է, որ ադրբեջանական կողմը հանդես գա փոխանակման առաջարկով՝ Հայաստանում գտնվող երկու մարդասպաններին փոխանակեն մեր վերջին երկու գերիների հետ, որոնք առեւանգվել էին ՀՀ տարածքից։
«Կարող եմ նորից շեշտել, որ մեր մարդասիրական չեզոք եւ անկողմնակալ մանդատը թույլ չի տալիս նման հարցերին պատասխանել»,- շեշտեց Ամատունին։