Ցավալի է… 19 ամյա Նարեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից

46-ամյա Էլմիրա Ղանդիլյանը հուզմունքով է հիշում այն օրը, երբ որոշեցին, որ Ռուսաստանից պետք է վերադառնան Հայաստան, որպեսզի տղան անպայման գնա ծառայելու։

«Մենք Ռուսաստանում էինք ապրում, եկանք էստեղ, որովհետև մտածում էինք, որ տղեն պիտի ծառայի, ես էի հայրենասիրությունը իրա մեջ սերմանել»։

Էլմիրայի որդին՝ 19-ամյա Նարեկ Սարգսյանը, ծառայել է ընդամենը 33 օր։ Ծառայության 33-րդ օրը սկսվել է պատերազմը, Նարեկն անգամ չի հասցրել պատերազմում կռվել հակառակորդի դեմ, քանի որ պատերազմի սկսվելուն պես հակառակորդի ԱԹՍ-ն հարվածել է, որի հետևանքով 29 զինվորից 28-ը զոհվել են, այդ թվում՝ Նարեկը։

«Մարտակերտում են եղել, առավոտյան հենց 7-ն անց կես ԱԹՍ-ն խփել ա պահեստին, տղաները մտել են շելերը, հետո ԱԹՍ-ն խփել ա շելերի վրա, 29-ից մի հոգին ա փրկվել, տղաները չեն հասցրել կռվել, չեն էլ գիտակցել՝ ինչ ա եղել»,- ասում է ու հուզվում որդեկորույս մայրը։

Էլմիրան պատմում է, որ զանգում էին որդու համարով, սակայն անհասանելի էր, ընկերներն էլ չէին համարձակվում հայտնել դեպքի մասին։

«Բոլորը գիտեին, մեզ չէին ասում, ամսի 2-ին Նարեկի ընկերոջ հարազատները ման են եկել իրենց որդուն, տեսել են Նարեկի մարմինը, ամուսնուս խաբար են արել, ամուսինս մեր հարազատների հետ գնացել-ճանաչել ա»,- ցավով պատմում է Էլմիրան։

Էլմիրան ասում է՝ սպասում էր, որ որդին ողջ կհայտնվի, մտածում էր՝ գուցե թաքնված է, կամ պարզապես չի ստացվում կապ հաստատել: «Ես չէի մտածում, որ տենց կգտնենք»,- արցունքների միջից ասում է մայրը։

Նարեկ Սարգսյանը հուղարկավորված է ծննդավայրում՝ Թալինի շրջանի Արագածավան գյուղում։

Նարեկը բնավորությամբ շատ հանգիստ էր, համբերատար ու լավատես, մոր խոսքով՝ ինչքան էլ դժվարություններ լինեին, միևնույն է՝ Նարեկը լավն էր տեսնում։ Շատ ընկերասեր էր ու սիրում էր բոլոր վեճերը հարթել․ «Ընկերները միշտ ասում են՝ մեր խաղաղության աղավնին էր, խաղաղեցնում էր բոլորիս»։

Նարեկը սիրում էր երգն ու երաժշտությունը, որոշել էր բանակից վերադառնալուց հետո Հայաստանի երգի պետական թատրոն ընդունվել, երգիչ դառնալ։

«Երաժշտական գործիքներից տիրապետում էր շվիին, կլառնետին, դուդուկին։ Տարբեր երգեր էր սիրում երգել՝ հիմնականում տխուր։ Տարբեր առիթների ժամանակ երգում էր, բայց որոշել էր պրոֆեսիոնալ երգով զբաղվել»,- պատմում է Էլմիրան ու հուզմունքով նշում, որ որդին սիրած աղջիկ ուներ, այդ աղջկան, ինչպես և մորը Նարեկը բանաստեղծություն էր գրել և նվիրել։

Էլմիրան կսկիծով է հիշում է, որ որդին վերջին տարիներին ուսումնասիրել է Քառօրյա պատերազմի հերոսների պատմությունները, պատերազմի մասին ֆիլմեր նայել և գրքեր կարդացել: «Կյանք ու կռիվ» ֆիլմը մի քանի անգամ էր նայել, որ հարցնում էի՝ ինչի՛ ես նորից նայում, ասում էր՝ ամեն անգամ մի նոր բան է նկատում։

Բանակ գնալուց առաջ Եռաբլուր գնացինք, Աբաջյանի գերեզմանի մոտ կանգնեց, ասեց՝ է՛հ տղերք… Ասեցի՝ ի՞նչ ես մտածում, ասեց՝ հեռուստացույցով նայելն ուրիշ ա, սենց ուրիշ ա, խոր հոգոց հանեց»,- հիշում է մայրը։

Էլմիրան ասում է՝ չի մոռանում՝ ինչպես ծառայության մեկնելիս տղան պինդ փաթաթվել էր իրեն, կարծես չուզենար գնալ․ «Ոնց որ չուզենար պոկվել, սեղմել էր դոշին։ Ես մինչև հիմա էլ մտածում եմ՝ կարող ա դուռը բացի, գա։ Ես չեմ էլ տեսել էդ կարգավիճակով իրեն ու սպասում եմ»,- ասում է Էլմիրան ու լռում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *