1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման: Ավելի ուշ՝ միջազգային և Հայաստանի լրագրողական հանրության պահանջով վերաքննիչ դատարանը ազատազրկման ի կատար ածումը հետաձգել է մեկ տարով, ինչի արդյունքում ազատազրկումն ի կատար չի ածվել:
2007-ին եղել է «Այլընտրանք» հանրային-քաղաքական միավորման հիմնադիր անդամ: 2007-ի խորհրդարանական ընտրություններում եղել է «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի առաջին համարը, 2008 թ. նախագահական ընտրություններում՝ ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:
2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010 թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008 թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011 թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ: