Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 05:15-ի
սահմաններում Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակ քաղաքի Սիսակյան ու Նարեկացի փողոցների խաչմերուկում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Օշական քաղաքի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Հ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, իսկ արդեն պարեկները նրա կողմից շահագործվող «Vertu» տեսակի բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել է սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ վերարկուում գտնվող ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 3 փաթեթ՝ լցված կանեփանման դեղնականաչավուն կիսաչոր զանգված, որը կշռել է մոտ 19 գրամ:
Արդեն ոստիկանության Աշտարակի բաժնում Գրիգոր Հ.-ն հայտնել է, որ իր մոտ եղած 3 փաթեթները կանեփ տեսակի թմրամիջոց են, որը ինքը ձեռք է բերել 2023 թվականի տարեվերջին՝ Օշականի գերեզմանատան հարակից դաշտից, իսկ բյուրեղանման զանգվածը ձեռք է բերել դարձյալ 2023 թվականին՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով, և այդ ամենը ինքը օգտագործում է իր անձնական կարիքների համար:
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գրիգոր Հ.-ն օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է: