Գյումրեցի Արա Պետրոսյանը մասնակցել է արցախյան երեք պատերազմներին։
44-օրյա պատերազմի ժամանակ էլ կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ։ Աննահանջ կռվել է թուրք-ադրբեջանական ստորաբաժանումների դեմ։
«Հոկտեմբերի 20-ին ընկնելով շրջափակման մեջ, մի կերպ կարողացանք դուրս գալ։ Մեզ հետ էր նաև մեր զորամասի հրամանատարի տեղակալը։ Էնպես էր ստացվել, որ մենք ու ադրբեջանական մոտոհրաձգային զորքերը իրար դիմաց էինք և մարտեր էինք վարում։
Այդ մարտերի ժամանակ 2 ոտքից վիավորվում է զորամասի հրամանատարի տեղակալը և մի կես ժամ հետո ինձ տեղյակ պահեցին, որ վիրավորներ ունենք, ես մեքենան քշեցի վիրավորների ուղղությամբ։ Առաջին անգամ դուրս բերեցի 2 ժամկետային զինծառայողի, երկրորդ անգամ ևս մեկ վիրավորի դուրս բերեցի։ Երրորդ անգամ հետս մի եղեգնաձորցի տղա եկավ, մենք գնացել էինք երկու ոտքից վիավոր փոխհրամանատարին դուրս բերելու։
Մեր մեքենան 80-100 մետր հեռավորության վրա հայտնվեց ադրբեջանցիների գնդակոծության տակ։Իմ հորդորով եղեգնաձորցի տղան մեքենայից դուրս թռավ, ես կարողացա մեքենան շրջել, որ վիրավորներին դուրս բերելու ժամանակ ավելի հեշտ լինի տարհանելը և ինքս էլ ինձ մեքենայից դուրս գցեցի։
Ինտենսիվ գնդակոծությունից հետո մեքենայի ոչ մի ապակի, ոչ մի դուռ տեղում չէր, բայց անիվները չէին ծակվել…կարողացանք մի կերպ վիրավորներին դուրս բերել, մեքենան շատ արագ խոդի գցեցինք, վիրավորներին տեղափոխվեցինք Խնձորեսկի հոսպիտալ»,-Oragir.News-ի հետ զրույցում պատմում է 44-օրյա պատերազմի մասնակից Արա Պետրոսյանը։
Կամավորականի խոսքով`կազմակերպված ձևով դավաճանեցին, զինվորը թիկունք չուներ։