ՆԳՆ ոստիկանությունը բոլոր վարորդներին և ուղևորներին զգուշացնում է, որ երթևեկելիս
պարտադիր պետք է կապել ամրագոտիները։ Նշվում է, որ վարչարարությունը խստացվելու է, այս ուղղությամբ իրականացվելու են պարբերական միջոցառումներ, այդ թվում` ուժեղացված ծառայություններ:
«Եթե մոտ ապագայում վարորդներն ու ուղևորներն անվերապահորեն չհետևեն ամրագոտին կիրառելու վարքականոնին, իրավախախտումը հայտնաբերելու համար օգտագործվելու են նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը»,–նշված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ ավտովթարների վիճակագրությունը ստիպում է լինել հետևողական: Իսկ պատահարների ծանր հետևանքները կանխարգելելու լավագույն միջոցներից մեկը մնում է ամրագոտին, որն օգտագործելու մշակույթը Հայաստանում դեռ կենսակերպ չի դարձել։