2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ հարձակում սկսեցին Հայաստանի մի շարք բնակավայրերի ուղղությամբ։ Այդ օրը Ներքին Հանդի 102 դիրքում 8 զինծառայող կար։
Զինծառայողներից երկուսը ողջ մնաց, 6-ը՝ զոհվեց։
Սերյոժա Ստեփանյանը բանակ զորակոչվեց 2022-ի հունվարի 12-ին, զոհվեց սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը։ Այդ օրը լրանում էր ծառայության ութերորդ ամիսը։
Սերյոժան ծնվել և մեծացել է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում։ Նրանց տունը գտանք համագյուղացիների օգնությամբ․ «Դավթի տղա՞ Սերյոժը, մեր զինվոր տղե՞ն»։
Տանը մեզ սպասում էին Սերյոժայի մայրը, քույրերը, եղբայրը, հորաքույրը։ Հետո եկավ ընկերը՝ Սևակը։
Որդու մասին առաջինը խոսեց մայրը՝ Անուշ Հովսեփյանը։ Սերյոժան ծնվել է 2003-ի հոկտեմբերի 24-ին, երեխաներից ավագն էր. «Ես աշակերտի հետ էի պարապում, Սերյոժս էլ՝ առաջին դասարանցի, ինքն էր տանում-բերում պուճուրներին։ Գյուղի մամաները բողոքում էին, որ ծեծելով չեն կարողանում երեխաներին մանկապարտեզ տանել, ես էլ ասում էի՝ նայեք, Սերյոժն ու Անահիտը (քույրը), ձեռք ձեռքի բռնած, ոնց են գնում-գալիս»։
Սերյոժան դպրոց է գնացել 6 տարեկանը չլրացած։ Նկարչության խմբակ է հաճախել, ավելի ուշ՝ նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Եղել է շատ հետաքրքրասեր։ Հենց այդ պատճառով դժվարությամբ է մասնագիտություն ընտրել․ «Երբ փոքր էր, մտածում էի՝ կամ տնտեսագետ կդառնա, կամ՝ իրավաբան։ Մի պահ ասում էր՝ գնալու եմ իրավաբանություն։ Բայց ես դա չէի ուզում, չէի ուզում, որ կյանքը բարդանա։ Ես ուզում էի, որ դառնա լրագրող, ինքս մասնագիտությամբ լրագրող եմ։ Ասում էի՝ Սեր, պիտի հաղորդավար լինես. հա՛մ շատ սիրուն ես ու գրագետ ես խոսում, հա՛մ էլ՝ ինչ լինի, շուտ կկողմնորոշվես ուղիղ եթերում»,- պատմում է մայրը։ Որդին ստեղծարար միտք ուներ՝ «ձեռքը մի չոփ ընկներ՝ դրանից ինչ-որ բան կսարքեր»։ Սերյոժայի պատրաստած իրերը ցույց տալով՝ Անուշն ասում է․ «Անընդհատ գծագրեր էր անում։ Մտածում էր՝ ոնց քամու ուժով էներգիա ստանա»։
«Որոշեց դառնալ տնտեսագետ, ընդունվեց Տնտեսագիտական համալսարան, 6 ամիս սովորելուց հետո ճանապարհեցինք բանակ»,- ավելացնում է ավելի ուշ մեզ միացած հայրը՝ Դավիթ Ստեփանյանը։
44-օրյա պատերազմում զոհվել է Սերյոժայի մտերիմ ընկերներից Սիփանը։ Հրաժեշտի արարողությանը գյուղի տղաների հետ Սերյոժան պատվո պահակ է կանգնել։ Հետո Սերյոժան ուզել է կամավոր գնալ Արցախ։
«Ասում էի՝ Սե՛ր, խելոք նստիր տեղդ, քո հերթն էլ կգա։ Մի օր էլ, թե՝ մա՛մ, ինչի՞ց ես խաբար, ես գնացել եմ վայենկոմատ։ Ինքը թեթև էր խոսում էդ մասին, որ մենք էլ թեթև տանեինք»,- պատմում է մայրը։
Սերյոժան ձմեռային զորակոչով պետք է գնար բանակ։ Հայրն ասում է՝ չէր համբերում, ուզում էր ավելի շուտ գնալ, որովհետև ընկերներն արդեն ծառայում էին։ Բանակ գնալուց առաջ մայրը տեսել է, թե ինչպես է որդին լալիս ընկերոջ շիրիմին․ «Ես իրեն լացելուց չէի տեսել։ Կրակը վառելու պահին արցունքը գլորվեց աչքերից։ Երանի տեսած չլինեի»,- հիշում է մայրը։ Սերյոժան ծառայել է Կապանում։ Եղել է գնդացրորդ (РПК)։ Զանգելիս հաճախ է ասել, որ ուզում է շուտ բարձրանալ դիրքեր։ Ընկերը՝ Սևակը, պատմում է․ «Առաջին հերթափոխով, որ դիրքեր բարձրացավ, 4-5 ամսվա զինվոր էր։ Հունիս ամիսն էր։ Սեպտեմբերյան դեպքերից հետո որոշում էր ընդունվել, որ ծառայության 6-րդ ամսից նորակոչիկները կարող են բարձրանալ դիրքեր»։ Լռում ենք։
«Էս դեղձը անպայման պիտի ուտես», — կոմպոտի հատիկները ափսեի մեջ դնելով՝ ասում է մայրը։ «Էս դեղձը, որ փակում էի, Սերյոժը զանգեց։ Հարցրի՝ ինչ կուզի, որ փակեմ, բան չասեց։ Զարմացա, որովհետև միշտ մի բան ասում էր։ Էդ օրը ոչինչ չուզեց»։
Սերյոժան առաջին ու վերջին անգամ արձակուրդ է եկել օգոստոսի վերջին։ Մոր խոսքով՝ որդին հեռախոսով երբեք զենքի, դիրքի անուն չի տվել, խուսափել է։ Հետո են իմացել, որ նա միշտ 102 դիրքում է եղել։ Դիրքերից նկարներ գրեթե չունեն։ Հայրն ասում է՝ խոսել է հետը, որ չուղարկի․ «Մեկ-երկու անգամ երեխեքով են նկարվել։ Ես լուրջ խոսեցի, որ չի կարելի։ Հետո, երբ էլ ինքը չկար, էստեղից-էնտեղից նկարներ ենք գտել»։
Եղբայրը՝ Րաֆֆին, պատմում է․ «Երկրորդ օրն էր պոստերում, նկար ուղարկեց։ Ես էլ ուղարկեցի՝ ծառի վրա կանգնած միրգ հավաքելուց։ Պոստերից գրեց՝ զգույշ եղի, չընկնես էդ ծառերից։ Էնտեղ էլ իմ մասին էր մտածում»։
Սերյոժան սիրել է յուրահատուկ անակնկալներ, նվերներ անել։ Արձակուրդին քրոջ՝ Անահիտի համար հետը ջութակ է բերել։ Րաֆֆին հիշում է․ «Ինքը փոքր ժամանակ ուզում էր ջութակի գնալ, չստացվեց։ Հետո, երբ Անահիտը ուզեց նվագել, Սերյոժան բանակում էր։ Պատմեցի, ասաց, որ Անահիտի համար անպայման պիտի ջութակ գնենք։ Ինքն էլ գնեց ու բերեց»։
Սերյոժան արձակուրդ է եկել օգոստոսի 21-ին՝ 10 օրով, իսկ սեպտեմբերի 9-ին բարձրացել է դիրքեր։
Մայր ու որդի վերջին անգամ խոսել են սեպտեմբերի 12-ին։ Այդ օրը երկրորդ անգամ էլ է զանգել՝ 20.30-ին, ու խոսել է հոր հետ։ Դավիթը հիշում է․ «Ասաց՝ պապ, էս լակոտները տարօրինակ շարժեր են անում, մի երկու րոպեից կխոսենք»։ Հայրը լռում է, հետո հոգոցով ու ցածրաձայն ավարտում՝ էլ չզանգեց:
Սեպտեմբերի 13-ից Սերյոժայի հեռախոսը անհասանելի է եղել: Հայրը սեպտեմբերի 14-ին գնացել է Կապան և մինչև 19-ը բազմաթիվ ուրիշ ծնողների հետ մնացել Կապանի հիվանդանոցում:
«Սկոռին որ կանգնում էր, շունչներս կտրած սպասում էինք՝ մեր երեխեն էնտեղ ա՞, թե՞ չէ»,- պատմում է Դավիթը։ Հետո ինչ-որ բան իմանալու հույսով գյուղեր են գնացել՝ Հանդ, Ծավ։ Անօգուտ: Պատասխանատու պաշտոնյաները ծնողներին ասելու ոչինչ չեն ունեցել։
«Ձեր ասած պատասխանատու մարմինը իր զենքը տվել էր ինձ, ասում էր՝ ա՛ռ, խփ՛ի ինձ ճակատից: Դու ինձնից շատ բան գիտես: Կամբատին էի հարցնում՝ տղայիս անմիջական հրամանատարին: Համոզված եմ, որ իրենք ամեն ինչ էլ գիտեին, պարզապես ռիսկ չունեին ճշմարտությունն ասելու»,- պատմում է Սերյոժայի հայրը։ Սերյոժային վերաբերող բոլոր մանրամասները Դավիթն ինքն է ճշտել: Գնացել է ԱԱԾ։ Այնտեղ աշխատող ընկերների օգնությամբ, դիրքերից որոշ խոսակցություններ է լսել: Ասում է՝ դիրքում արդեն ադրբեջանցիներն էին, ոչ մի հայերեն բառ չի լսել։
«Գիշերը 03:45-ի մոտակայքում զոհվել ա։ 12-ի գիշերը էդ դիրքում գրեթե բոլորը զոհվել են։ Ողջ է մնացել 2 հոգի։ Նրանցից մեկը գերի է ընկել։ Իմ տղան զոհվել է, երբ վերջացել են փամփուշտները, մի փամփուշտ է եղել գրպանում, բայց ԱԹՍ-ն արդեն խփել է բոլորին։
102-ը շատ բարձր ու դժվարամատչելի դիրք էր, բայց քանի որ մյուս դիրքերը գրավել են, արագ հասել են նաև այդ դիրքին»:
Սեպտեմբերի 19-ին Դավիթ Ստեփանյանը որոշել է վերադառնալ տուն,ԴՆԹ թեստ հանձնել։
Ճանապարհին ընկերները զանգել, ասել են, որ Արարատ քաղաքով գնա։ «Ասին՝ մեկը կա, նմանեցնում ենք: Գնացի, տեսնեմ իմ տղան է»:
Ընտանիքի տեղեկություններով՝ Սերյոժայի մարմինը գրավված դիրքից ադրբեջանցիները տարել են Շուշի, իսկ սեպտեմբերի 17-ին փոխանցել են հայկական կողմին։ Երևանից տարել են Մարտունի (Գեղարքունիք): Մոր խոսքով՝ Սերյոժան ու մարտունեցի մի զոհված զինվոր նույն նշանն են ունեցել։ Հարազատները մտածել են, թե իրենց որդին է, ու տարել են: Բայց այնտեղ Սերյոժայի հորեղբայրները ճանաչել են նրա մարմինը և բերել են Արարատ: Սերյոժայի իրերը՝ փաստաթղթերը, հագուստը, ընկերոջ նվիրած խաչը, հեռախոսը, մնացել են հակառակորդի գրաված 102 դիրքում:
Փոքր Վեդի համայնքը սեպտեմբերյան դեպքերի ժամանակ երկու զոհ է ունեցել, երկուսն էլ ժամկետային զինծառայող՝ Սերյոժան և Էդուարդ Սիանոսյանը։ Մեր այցելության օրը գյուղում մոմավառություն ու քայլերթ էին կազմակերպել՝ դեպի հուշահամալիր։
«Առաջին լուսանկարում Սերյոժս է։ Շարքը քիչ-քիչ առաջ է եկել։ Երանի նոր լուսանկարներ էլ չավելանան», — ասում է Անուշն ու պատմում նկարներից մեզ նայող տղաների մասին։ Մայր մտնող արևին նայելով՝ մայրը հիշում է, որ տղան շատ էր սիրում արևածագ ու մայրամուտ նկարել։ «102 դիրքից մայրամուտների ու լուսաբացների լուսանկարներ շատ էր ուղարկում»,- հիշում է նա։
Մարտի 24-ին Սերյոժայի ծնողներին է փոխանցվել որդու հետմահու պարգևը՝ «Մարտական ծառայություն» մեդալը։
Կապանի զորամասի 102 դիրքը այժմ ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ է։ Մենք շարունակելու ենք ներկայացնել դիրքում զոհված զինծառայողների պատմությունները, նաև՝ դիրքի գրավման մանրամասները։