2023-2024 ուստարվա պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսհաստատությունների 1-12-րդ դասարաններում սկսվում են 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, ավարտվում՝ 2024 թվականի
մայիսի 24-ին5-օրյա, մայիսի 25-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ առաջին, 32` երկրորդ և 34՝ 3-12-րդ դասարանների համար:
Ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռային՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 7-ը ներառյալ, գարնանային՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 16-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ, գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 18-ից 31-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2023 թվականի հոկտեմբերի 23-ից 29-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ և գարնանայինը՝ 2024 թվականի մարտի 25-ից 31-ը ներառյալ:
ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցներում:
Ուսումնական պլանի բաղադրիչներ
Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակներըըստ բաղադրիչների և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը) ըստ դասարանների:
Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի ուսումնական պլաններն ունեն երկու` պետական և դպրոցական (մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական, հատուկ դպրոցներում՝ զարգացնող, հատուկ մանկավարժական) բաղադրիչ, որոնք պարտադիր են: Հաստատությունը ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը։
Մասնագիտացված դպրոցի ուսումնական պլանը կազմվում է վերջինիս կողմից իրականացվող մասնագիտացված ծրագրերի (ռազմագիտության, սպորտի, արվեստների, արհեստների, գիտության որևէ բնագավառի) հիման վրա:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթությունը կազմակերպվում է հաստատության կողմից հաստատված ուսումնական պլանների հիման վրա:
Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ
Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է հաստատության կողմից ուսումնական պլանի պետական բաղադրիչով և սահմանված առարկաներին, որոնց ծրագրերը երաշխավորված են նախարարության կողմից։ Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:
Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում
12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:
Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով կամ ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով կամ ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: