Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժածների թիվը 29-ից հասել է 41-ի: Այս մասին հաղորդել է երկրի կառավարությանը կից հանրապետական մեդիա-շտաբը։
«Ընդհանուր առմամբ, բուժօգնության է դիմել 41 տուժած, որոնցից մայիսի 20-ի առավոտվա դրությամբ ստացիոնար բուժում է անցնում 11 հիվանդ», – հաղորդագրությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Մայիսի 19-ին բուժօգնության են դիմել նաև 8 օտարերկրացիներ, որոնք հոսպիտալացվել են Միջազգային բժշկական համալսարանի կլինիկայում:
Մայիսի լույս 18-ի գիշերը Բիշքեկում աշխատանքային միգրացիայի դեմ կազմակերպված ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել։ Տասնյակ մարդիկ ձերբակալվել են։
Մայիսի 13-ին՝ բողոքի ակցիայից օրեր առաջ, մայրաքաղաքի թաղամասերից մեկում հնդիկ և պակիստանցի ուսանողների և Բիշքեկի բնակիչների միջև զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել։
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ղրղզստանի բուհերում ներկայում սովորում է ավելի քան 40 000 ուսանող Հնդկաստանից, Պակիստանից և Բանգլադեշից։
Միջադեպից հետո շուրջ 2700 ոստիկաններ, ինչպես նաև ավելի քան 1000 ջոկատայիններ են ներգրավվել Բիշքեկում կարգուկանոնի պահպանման գործում։ Մայրաքաղաքի ոստիկանության վարչությունը պնդում է, որ քաղաքում իրավիճակը հանգիստ է և ամբողջությամբ վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից։
Իր հերթին Ղրղզստանի գերագույն դատարանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ դատարանը որոշում է կայացրել տնային կալանքի ենթարկել Եգիպտոսի չորս քաղաքացիների Բիշքեկի բնակիչների և օտարերկրյա ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցած անկարգություններից հետո: