Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի Ակնաշեն գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel Zafira և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վաղարշապատի թիվ 29 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ ավտոմեքենայում հայտնաբերվել է ամբողջովին
մոխրացած դի: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու նույն բաժնի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը: Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Գաբրիելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Գալուստ Երոյանի ու Սարո Վարդանյանի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորի և մահացածի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: