Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Փաշինյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է.
«Տիկին խոսնակ, հարգելի գործընկերներ, թույլ տվեք ջերմորեն ողջունել ձեզ մեր երկրում, մեր կառավարությունում։ Սա իսկապես աննախադեպ այց է ԱՄՆ-ից Հայաստան, և մենք գնահատում ենք դա: Կցանկանայի մեր երախտագիտությունը հայտնել անձնապես Ձեզ, տիկին խոսնակ, ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Ձեր անձնական ջանքերի և ներդրման համար, ինչպես նաև Ձեր պատվիրակության ջանքերի համար։
Դա իսկապես բարձր է գնահատվում, և նույնիսկ միայն այդ փաստը հաշվի առնելով, բոլոր հայերը Ձեզ համարում են Հայաստանի վստահելի ընկեր: Բայց ես ցանկանում եմ շարունակել երախտագիտության խոսքերը, որովհետև ցանկանում եմ նաև երախտագիտություն հայտնել հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի աջակցության համար, քանի որ դա նույնպես շատ կարևոր է մեզ համար։