Նախ եկեք հիշենք, որ Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը օգոստոսի վերջին մեկնել է Լոս Անջելեսից՝ դառնալու իր երկրի նոր դեսպանը Գերմանիայում: Աղաևն իր ետևում թողել է միայն խայտառակություն և խաբեություն: Ամենավերջին խայտառակությունը հետևյալն էր. մեկնելուց առաջ Աղաևը «Թվիթեր» և «Ֆեյսբուք» սոցիալական ցանցերում հպարտությամբ հրապարակեց մի վկայական, որը կրում էր Լոս Անջելեսի գավառի հինգ վերահսկիչներից չորսի ստորագրությունները և որում երախտագիտություն էր հայտնվում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսի պաշտոնում իր ծառայության համար:
Առաջին հայացքից վկայականը իրական էր թվում, բայց իրականում այդ վկայականում բացակայում էր հինգերորդ վերահսկիչ Շեյլա Քյուլի անունը իսկ նման փաստաթղթերը սովորաբար ստորագրվում են բոլոր հինգ վերահսկիչների կողմից, որը դիվանագիտական արձանագրություն է: Հետագայում պարզվեց, որ վերահսկիչ Քյուլի աշխատակազմը խնդրել է Լոս Անջելեսի գավառի արձանագրային գրասենյակին չավելացնել նրա ստորագրությունը: Իսկ մյուս չորս վերահսկիչները նույնպես թույլտվություն չեն տվել իրենց անուններն ավելացնելու վկայականին: Այսպիսով վերահսկիչների ստորագրությունները սխալմամբ են կիրառվել։ Հետևաբար չարտոնված վկայականն անվավեր է և պետք է հեռացվի բոլոր սոցիալական լրատվամիջոցից կամ որևէ այլ հարթակից:
Քանի որ Լոս Անջելեսի գավառը կապված չէ գրասենյակի կողմից այդ գրասենյակի լիազորությունները գերազանցող չարտոնված և սխալ գործողությունների հետ, ոչ ոք չպետք է հիմնվի այդ վկայականի վրա՝ որպես Լոս Անջելեսի գավառի որևէ տեսակի հայտարարություն: Նույնիսկ այսքանից հետո Նասիմի Աղաևը իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերից այդպես էլ չհեռացրեց վկայականը: Զարմանալի է, որ նման ապաշնորհ ու անպարկեշտ գլխավոր հյուպատոսին պաշտոնանկ անելու փոխարեն, ավելի են բարձրացնում՝ դարձնելով դեսպան Գերմանիայում։ Նկատի ունենալով Լոս Անջելեսում Աղաևի բազմիցս կրկնվող ոչ դիվանագիտական պահվածքը՝ նախագահ Ալիևն ավելի վատ ընտրություն չէր կարող անել՝ նրան դեսպանի կոչում շնորհելով։