Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև՝
Սեպտեմբերի 22-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը երկու տասնյակ ֆրանսիական խոշոր լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հանդես եկան մամուլի համատեղ ասուլիսով՝ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և դրանից երկու տարի անց՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ
Ադրբեջանի լայնածավալ հարձակման ու պատերազմական հանցագործությունների մասին ահազանգելու և միջազգային հանրության արդյունավետ հակազդեցության միջոցով Բաքվի զավթողական հավակնություններն ու հայ ժողովրդի դեմ էթնիկ նոր զտումները զսպելու անհրաժեշտությունն ընդգծելու նպատակով։ Դեսպան Տոլմաջյանը մասնավորապես շեշտեց, որ ադրբեջանական վերջին ագրեսիան ի ցույց է դնում Բաքվի՝ հեռուն գնացող ագրեսիվ ու
ծավալապաշտական նկրտումները։ Դեսպանը լրագրողների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից երկու տարի ի վեր միջազգային իրավունքի և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումների, այդ թվում՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ապօրինաբար անազատության մեջ պահելու, ռազմագերիների և քաղաքացիական անձանց հանդեպ խոշտանգումներ և
անմարդկային վերաբերմունք կիրառելու փաստագրված տվյալների, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության ու քաղաքակրթական հետքերի ոչնչացման պետական քաղաքականության վրա։