ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 91 տարեկան հասակում կյանքից հեռացել է hայկական
կինոյի վաստակաշատ և հեղինակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը: Վարպետն իր բացառիկ համեստությամբ և պրոֆեսիոնալիզմով ստեղծել է ուրույն ձեռագիր հայ կինոյում՝ լինելով անփոխարինելիգործընկեր և ուսուցիչ: Լևոն Աթոյանցին կարելի է նույնացնել հայ կինոյի պատմության մի ամբողջ շրջանի հետ
: Նրա ավանդն անփոխարինելի է հայ կինոյում: 1960-ականներին ստեղծվել է աթոյանցական կինոլեզուն՝ լի նորարարություններով ու ստեղծարարությամբ: Ավարտելով Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտը՝ Աթոյանցը վերադարձել է հայրենիք և
որպես կինոօպերատոր աշխատել է «Հայֆիլմ»
կինոստուդիայում` նկարահանելով ավելի քան 30 խաղարկային և վավերագրական ֆիլմեր՝ համագործակցելով հայ կինոյի վարպետներ Արման Մանարյանի, Դմիտրի Կեսայանցի, Ալբերտ Մկրտչյանի, Լաերտ Վաղարշյանի և այլոց հետ: 1994 թ. Լևոն Աթոյանցը մեկնել է Արցախ՝ դառնալով նաև Արցախյան պատերազմի
վավերագրողներից մեկը: Կինոօպերատորի բարձր էսթետիկան, կադրի կոմպոզիցիայի և դրամատուրգիայի հանդեպ այլընտրանքային մոտեցումները դարձան ժողովրդական ժառանգություն, կինոօպերատորության դասական դպրոց և դաստիարակեցին մի քանի սերունդներ: Մասնագիտական գործունեությանը համընթաց Լևոն Աթոյանցը դասավանդել է Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայում, Ռուս-հայկական սլավոնական համալսարանում (այժմ՝ Հայ-Ռուսական համալսարան), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում՝ փոխանցելով իր մասնագիտական փորձը երիտասարդ կինոօպերատորներին և նպաստելով սե
րունդների մասնագիտական կրթմանն ու կայացմանը: Խորհրդային և հայ կինոյի ականավոր կինոօպերատոր և մանկավարժ Լևոն Աթոյանցը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով, արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի, պարգևատրվել է «Գրիգոր Նարեկացի» մեդալով, 2016 թվականին արժանացել է «SALENTO CINEMA»միջազգային կինոփառատոնի մրցանակին` համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար, 2018 թվականին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով՝ հայկական կինոյի ոսկե ֆոնդի
ներդրման և զարգացման համար: Կինոակադեմիկոս Լևոն Աթոյանցն անդամակցում էր մի շարք մասնագիտական կառույցների (Հայաստանի կինեմատոգրաֆիստների միություն, Մշակույթի գործիչների համահայկական լիգա, Հայկական ազգային կինոակադեմիա և այլն): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Լևոն Աթոյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի հավատավորներին: