Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հայաստանում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ։
Ըստ նրա՝ բազմաթիվ բուհեր կան, որ պարզապես հոգեվարքի մեջ են։ Բուհական դիպլոմը միշտ չէ, որ նշանակում է բարձրագույն կրթություն: Այդ պատճառով բազմաթիվ բողոքներ են հնչում, որ մարդիկ բարձրագույն կրթության երբեմն երկու դիպլոմ ունենալով հանդերձ՝ աշխատանք գտնել չեն կարողանում և մատնված են աղքատության: Այս իրավիճակն այլևս հանդուրժելի չէ»,-ասաց վարչապետը։
Վարչապետը տեղեկացրեց նաև, որ այս տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր են մնացել: Ընդ որում, պետական բուհերում թափուր է մնացել տեղերի ավելի քան 40 տոկոսը, մասնավոր բուհերում՝ 98 տոկոսը։
Կառավարությունը այս ոլորտում մտադիր է գնալ բուհերի խոշորացման որոշ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինտեգրման ճանապարհով՝ ունենալով առավելագույնը 8 պետական բուհ։ Այդ մասին մանրամասնեց Փաշինյանը։
Վարչապետը տեղեկացրեց մի շատ կարևոր որոշման մասին։ Ըստ որի Կառավարությունն արդեն կողմնորոշվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքի հարցով։ Այն կկառուցվի Արագածոտնի մարզում, ավելի կոնկրետ Աշտարակում և միավորվող բուհերը ժամանակի ընթացքում կտեղափոխվեն այնտեղ:
Մեր բուհերը պետք է գրավիչ լինեն ոչ միայն հայաստանյան, այլ նաև օտարերկրյա ուսանողների համար: Եվ օտարերկրացի ուսանողների թվի շարունակական ավելացումը մեր բուհական համակարգի մրցունակության ամենավստահելի ցուցիչը պետք է դառնա։