Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 50-ամյա Հրաչյա Դ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 19 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճամփեզրի արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հրաչյա Տ-ն մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Գյումրու բժշկական
կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի պարեկային գումարտակի ծառայողները՝ հրամանատար Կարեն Կյուրեղյանի և վաշտի հրամանատար Ալեքսանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խաչատուր Պետրոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին պարեկային ծառայության Գյումրու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Անիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։