«Սուրմալու» առևտրի կենտրոնում անհետ կորած քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, մնացել է 40 մ2 տարածք, որտեղ փրկարարները դեռ պետք է իրականացնեն որոնողական աշխատանքներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
«Մենք երկու օր աշխատել ենք, որպեսզի հասնենք այն տեղամասը, որտեղ ենթադրաբար գտնվում է անհետ կորած անձը: Մենք բոլոր հավանական տեղերը նայում ենք, չենք բացառում որևէ հատված»,- ասաց Եմիշյանը:
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալի խոսքով՝ անհետ կորած անձի հավանական գտնվելու վայրում բարձր ջերմաստիճան է եղել, 20 ժամից ավելի այդ տարածքում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվել:
«Մոտ 1-1.5 մետր երկարության մոխիր է այնտեղ: Պայթյունի և հրդեհի ժամանակ ջերմաստիճանը եղել է 500-ից մինչև 1000 °C: Հնարավոր է, որ մարմինը մոխրացած լինի»,- պարզաբանեց Եմիշյանը: