Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ստախոսության մեջ։
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ԱԺ-ի այսօրվա ելույթում հերթական անգամ ի ցույց դրեց ստախոսի և մանիպուլյատորի իր ողջ էությունը: Նա կրկին ստում է և փորձում մոլորեցնել հանրությանը, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին խոսելիս», — հայտարարել է նախկին նախագահը՝ պնդելով, որ իր պաշտոնավարման ամբողջ ժամանակաշրջանում երբեք չի բանակցել Արցախի հիմնախնդիրը փուլային տարբերակով լուծելու շուրջ:
«Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը կա՛մ մինչև հիմա չի հասկացել փուլային և փաթեթային տարբերակների տարբերությունը, կա՛մ գործի է դրել իր հիմնական զենքը՝ մանիպուլյացիան», — շեշտել է Սերժ Սարգսյանը, հավելել, որ փաթեթային տարբերակը չի կարող կյանքի կոչվել մեկ օրում կամ մեկ ժամում, այլ միանշանակ պետք է լուծվի փուլերով: