Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին մասնագիտական օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ արդեն 5 տարի այս օրն ինքն անպայման այցելում է ՔԿ ու ամեն անգամ փորձում պատասխան գտնել այն հարցին, իսկ ի՞նչ է փոխվել այս ընթացքում, դեպի ո՞ւր են ուղղված և ի՞նչ վեկտոր ունեն այն փոփոխությունները, որ տեղի են ունենում:
«Ընդհանրապես, սա շատ կարևոր թեմա է, որովհետև երբեմն նաև գլոբալ իրադարձության բերումով մենք ժամանակ, տրամադրություն, ցանկություն չենք ունենում կանգ առնելու և գույքագրելու, իսկ ի՞նչ է փոխվել, իսկ ինչպիսի՞ն են այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների գնահատականը:
Ուզում եմ մի քանի արձանագրում անել, որոնք, ճիշտն ասած, իրականում զգացական մակարդակի են, հույս ունեմ, որ իմ այս հայտարարություններից հետո հնարավոր քննարկումների, բանավեճերի ընթացքում նաև էմպիրիկ եղանակով հնարավոր կլինի պարզել, թե ինչքանով են այդ զգացական պնդումները նաև առարկայական: Իսկ ես զգում և տեսնում եմ, որ օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Քննչական կոմիտեի պատասխանատվության ոլորտում, ըստ էության, նախաքննության առյուծի բաժինը՝ 90 և ավելի տոկոսը, 2023 թվականի հունվարի 1-ից ավելի մեծ հատվածը կլինի Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում: Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա: Սա ինքնին տրամաբանական և ինքնին ենթադրելի մի երևույթ է՝ ցանկացած իրեն հարգող պետության մեջ: