Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «միջանցքի» մասին հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին, որևէ պաշտոնական բանակցությունում Հայաստանի ինքնիշխան տարածքով որևէ «միջանցքի» մասին խոսակցություն չկա և չի էլ կարող լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցում այս
մասին պաշտոնապես հայտարարեց ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը: Պատգամավորն ընդգծեց՝ որքան էլ Ալիևը կամ Ադրբեջանի այլ պաշտոնյա խոսեն «միջանցք»-ի մասին, պաշտոնական հայտարարությունները, պաշտոնական հանդիպումներին հետևող հաղորդագրություններն այլ բանի մասին են խոսում: Որպես օրինակ՝ Գրիգորյանը հիշեցրեց, որ վերջերս Ժնևում ԵՄ
միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունում ևս շեշտվել է՝ դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։ «Որևէ պաշտոնական ձևաչափում, որևէ տեղ ընդհանրապես «միջանցք» բառը, բացի Լաչինից, այլ համատեքստում չի կարող օգտագործվել:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկման, բանակցման ենթակա չէ: Եվ ինչքան էլ սրա մասին խոսի Ալիևը կամ որևէ այլ պաշտոնյա, մենք պետք է հասկանանք, որ դրանք կարող են լինել ցանկություններ, նկրտումներ, բայց երբեք չեն կարող տեղ գտնել պաշտոնական բանակցային գործընթացում: Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ չկա մեր ինքնիշխան տարածքից որևէ միջանցքի մասին խոսակցություն որևէ պաշտոնական բանակցությունում, և սրա մասին փաստում են բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակվել են տարբեր ձևաչափերով»,-շեշտեց
Գրիգորյանը: Պատգամավորն ընդգծեց՝ դրանք ներքին լսարանին ուղղված հայտարարություններ են ադրբեջանական կողմից: Նա կարևորեց նաև միջազգային հանրության ընկալումն այս հարցում՝ հավելելով, որ այսօր միջազգային հանրությունը շատ հստակ, ուղիղ և աներկբա արձանագրում է, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է նաև միջազգային հանրության համար: «Չի կարող խոսք գնալ որևէ միջանցքի մասին, որը կլինի ՀՀ ինքնիշխան տարածքում: Չի կարող այսպիսի խոսակցություն լինել»,-եզրափակեց պատգամավորը:
Տեսանյութը՝