ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն, Մասիս քաղաքի ավագանու նախկին անդամ Էդգար Մարգարյանը, որը օգոստոսի 19-ին՝ ինքնասպան եղավ քաղաքապետարանում, հայտնվել էր իրավապահների տեսադաշտում: Այս դեպքից ամիսներ առաջ իրավապահները մեկ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն են իրականացրել Էդգար Մարգարյանի տանը:
Ասել է, թե քրեական վարույթի շրջանակներում ստուգվում են բոլոր հանգամանքները, թե ինչը կարող էր դրդել նրան գնալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ վերոնշյալ օրը ժամը 17:40-ին Մասիս քաղաքի ավագանու նախկին անդամ Էդգար մարգարյանը հայտնել է, թե խնդիր ունի նույն քաղաքի մի խումբ պաշտոնատար անձանց հետ՝ հավելելով, որ հնարավոր է քիչ հետո ինքը և 10 անձ մահանան: Նույն օրը ժամը 21:20-ի սահմաններում Մարգարյանը գնացել էր Մասիսի համայնքապետարանի վարչական շենք, ավտոմեքենան կայանել մուտքի դիմաց, մտնելով ներս՝ հրել է պահակին, հայհոյանքներ հնչեցնելով բարձրացել է շենքի 4-րդ հարկ, որտեղից նռնակ է նետել դեպի դուրս և 2 անգամ կրակոց արձակել:
Ու մինչ իրավապահները բանակցում էին նրա, հետ Մասիսի համայնքապետարանի 4-րդ հարկում տեղակայված՝ համայնքի ղեկավարի աշխատասենյակում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդու դին՝ գլխի քունքային հատվածում հրազենային մուտքային և ելքային վնասվածքով: Ասել է, թե նա ինքնասպան էր եղել:
Կատարված դեպքի վայրի զննությամբ համայնքապետարանի վարչական շենքի առջև գտնվող տարածքում հայտնաբերվել էր պայթյունի օջախ և բեկորային վնասվածքներով «Մազդա » և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
36-ամյա տղամարդուն ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ ևս նախաձեռնվել է քրեական վարույթ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան