ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ հրավտանգ ապրանք, հրագործական արտադրանք հաշվառելու իրավասություն չունի։ Այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՔՏՀԱ տեսչականի աշխատակիցները հաշվառել են, թե «Փեթակ» տոնավաճառում որքան հրավտանգ ապրանք կա։ «Քանի որ ՔՏՀԱ տեսչական մարմինը հրավտանգ ապրանք հաշվառելու իրավասություն չունի, ուստի չի կարող նաև նշել դրա ծավալները»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։ Հարցին՝ ի՞նչ գործողություններ են ձեռնարկվել կամ ձեռնարկվելու անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ, Զոհրաբյանը մանրամասնեց՝ տեսչական մարմնի ղեկավարի՝ 10․06․2021թ. հանձնարարագրի հիման վրա 2021թ. հունիսի 14-18-ը ներառյալ Երևանի Արշակունյաց 17ա հասցեում գտնվող «Փեթակ» ՍՊԸ-ում իրականացվել է դիտարկում և հետազոտություն տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրական պահանջների պահպանման վերաբերյալ։
«Արդյունքում «Փեթակ» ընկերության տնօրենը հրդեհային անվտանգության կանոնների, քաղաքաշինական նորմերի խախտումների հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ընկերությանը տրվել են նաև խախտումները վերացնելու կարգադրագրեր՝ հստակ ժամկետներով։ Կարգադրագրի վերջին ժամկետ է սահմանվել 2022 թ․ հուլիսի 23-ը։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրով օգոստոսի 22-25-ը «Փեթակ» ՍՊԸ-ում կատարվում են կրկնակի դիտարկում և հետազոտություն»,- տեղեկացրեց տեսչական մարմնի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը։ Հիշեցնենք՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 16 մարդ, անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Իսկ արդեն այսօր ԱԻՆ-ը հայտարարեց որոնողափրկարարական աշխատանքները դադարեցնելու մասին։