Աղետ (հին հունարեն՝ καταστροφή «հեղաշրջում, գահավիժում, մահ»), պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում՝ իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ։
ՀՀ տարածքին բնորոշ բնական արտակարգ իրավիճակներ
- Ընդհանուր հասկացություններ
Բնական արտակարգ իրավիճակ՝ որոշակի տարածքում կամ օբյեկտում վտանգավոր բնական երևույթի, տարերային կամ էկոլոգիական (բնապահպանական) աղետի, համաճարակի, անասնահամաճարակի (էպիզոոտիա), բույսերի և գյուղատնտեսական մշակաբույսերի լայնորեն տարածված վարակիչ հիվանդություն (էպիֆիտոտիա), որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել մարդկային զոհերի, մարդկանց առողջությանն ու շրջակա միջավայրին՝ զգալի վնասի, խոշոր նյութական կորուստների և մարդկանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Տարերային աղետը` բնության ուժերի կամ երևույթների ազդեցությամբ առաջացած աղետ, ավերիչ բնական և (կամ) բնական-անտրոպոգեն պրոցես (մարդու գործունեությամբ բնության մեջ առաջացող երևույթ կամ ընթացք) է, որի հետևանքով առաջացել կամ կարող է առաջանալ սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, նյութական արժեքների ավերածություն կամ ոչնչացում, բնակչության գործունեության, կյանքի պայմանների և շրջակա միջավայրի անդառնալի փոփոխություններ։
- Վտանգավոր երկրաբանական երևույթներ և ընթացքներ
Երկրաբանական բնույթի ծագում ունեցող իրադարձություն կամ երկրաբանական ընթացքների հետևանք՝ առաջացած երկրակեղևում տարբեր բնական կամ երկրադինամիկական գործոնների կամ դրանց զուգակցության ներգործությամբ, որն ունի կամ կարող է ունենալ խոցող ազդեցություն մարդկանց, գյուղատնտեսական բույսերի և կենդանիների, տնտեսական նշանակություն ունեցող օբյեկտների և շրջակա բնական միջավայրի վրա։
Երկրաշարժ
Երկրաշարժը երկրաֆիզիկական վտանգավոր երևույթ է, որն արտահայտվում է երկրակեղևի կտրուկ տատանումներով և ցնցումներով՝ ժամանակի շատ կարճ տևողության ընթացքում։ Երկրաշարժ առաջանում է երկրակեղևում կամ վերին միջակա երկրապատյանում հանկարծակի տեղաշարժերի ու խզվածքների հետևանքով և առաձգական (սեյսմիկ) տատանումների ձևով հաղորդվում է մեծ հեռավորություններիվրա։
Երկրաշարժի ինտենսիվությունը (ուժգնությունը) գնահատվում է 12-բալանոց սեյսմիկ սանղակով (MSK-86), իսկ էներգիան՝ մագնիտուդայով։ Երկրաշարժերը պայմանականորեն ստորաբաժանվում են որպես՝ թույլ (1-4 բալ), ուժեղ (5-7 բալ) և ավերիչ (8 և ավելի բալեր)։