Պաշտոնապես հայտարարում եմ՝ հրավառ նյութերի պայթյունից 40 սմ պատ չի փլուզվի, դա 100-500 կգ տրատիլ տեսակի պայթուցիկ նյութի օգտագործում էր՝ ուղղորդված պայթեցմամբ, որը կատարվել է էլեկտրոնային դետոնացիայի միջոցով։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի դեպքին։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պաշտոնապես հայտնի է, որ ողբերգական դեպքի հետևանքով զոհվել է 16 քաղաքացի, այդ թվում՝ մանկահասակ երեխա և հղի կին, ևս մեկ քաղաքացի այս պահին համարվում է որպես անհետ կորած։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի և պայթյունի պատճառը եղել են պահվող հրավառ նյութերը՝ չորս տոննա։
Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, սակայն, այս վարկածին չի հավատում։ Հրավիրված մամուլի ասուլիսին նա հայտնեց, որ հաշվարկել են՝ հրավառ նյութի մեկ արկղը 20 կգ է, չորս տոննայի համար՝ 200 արկղ է պետք, որոնք մեկուսացված են իրարից։
«Հրավառ նյութերը, ընդհանրապես՝ ռումբերը երբեք միաժամանակ պայթեցում չեն ունենում։ Հրավառ նյութերն ունեն հատկություն՝ թռչել որոշակի հեռավորության վրա, անընդհատ պայթելու։ Մեկ արկղը պետք է պայթի 20 վայրկյանում, 200 արկղը՝ 4000 վայրկյանում, այսինքն, 200 արկղը պետք է պայթեր 5 ժամում։ Ոչ մի հրավառ նյութերի պայթեցում չի կարող 40 սմ հաստության պատ փլուզել, որը ամրակցված է երկաթբետոնե կոնստրուկցիաներով։ Ընդ որում, պայթյունը տեղի է ունեցել ոչ թե այնտեղ, որտեղ կրակ կար, պարզապես պայթյունը կազմակերպված է եղել այնտեղ, որտեղ ելք ու մուտք կա»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ պայթյունն այնքան հզոր է եղել, որ երեք հարկերի երկու պատը փլվել է, մինչդեռ, հրավառ նյութերը ճնշման ուժ չեն ունենում։
Բացի այդ՝ Հովհաննիսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հրավառ նյութերի պայթեցման դեպքում ամբողջ տարածքը նյութերով լցված կլիներ, սակայն ոչ մի նմուշ չկա։
Մանրամասները՝ տեսանյութում։