Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 27-ին, Լոռու մարզի Փամբակ գյուղում նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Մերի Գրիգորյանի հոգեհանգիստն է: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Մերիի հարազատները, համագյուղացիները, իրենց զայրույթն ու վրդովմունքն էին հայտնում, որ «Վանաձոր» բժշկական կենտրոնը փորձում է հանրությանը մոլորեցնել՝ կեղծ ու մտացածին տեղեկություններ տարածելով, թե իբր Մերին Երևանի Հանրապետական ծննդատուն է տեղափոխվել գիտակցությունը տեղը, կայուն վիճակում:
«Այդ ամենը լկտի սուտ է: Մեր հրեշտակ Մերին «Վանաձոր» բժշկական կենտրոնի մի քանի բժիշկների ձեռքով է մահացել: Մինչ այդ նրանց քար անտարբերության հետևանքով Մերիի պտուղը նույնպես մահացավ:
Ու այսքանից հետո փորձում են հանրությանը մոլորեցնել, թե Մերին առողջ է տեղափոխվել Երևան: Նորից ենք կրկնում. այդ ամենը լկտի սուտ է: Էդ ընտանիքը մեր գյուղի ամենահարգված ընտանիքներից էր: Երիտասարդ ամուսինները սպասում էին իրենց առաջնեկին, ու անգամ ճշտել էին երեխայի սեռը՝ տղա էր:
Մերիին ու նրա ամուսնուն՝ Վարդանին, ոչ միայն գյուղում էին լավ ճանաչում, այլ նաև՝ Լոռու մարզում: Երիտասարդ ամուսինները մի քանի օրվա ընթացքում բարի լուրի էին սպասում, որ իրենց օջախում արու զավակ է ծնվելու:
Անգամ երեխայի համար գնումներ էին կատարել, որոշել էին անունը: Ողջ գյուղն ասում էր, որ էդ երեխան հորը՝ Վարդանին է քաշելու, ով իր ապրելակերպով ու նիստուկացով գյուղի ամենասիրված ու բարի երիտասարդներից է: