SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանի հաղորդման փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ
Շամշյանը, վերջինս հայտնել է, որ 2017 թ.-ի օգոստոսին, օրը, ըստ իր հայտարարության, չի հիշում, գիշերը ժամը 00:20-ի սահմաններում «Մասիվցի Դմբուզի» փեսան, ոմն «Դմակով Լյովան», Արտյոմ Վարդանյանը, Ավետիքի որդի՝ Հովսեփ Գրիգորյանը և ևս մոտ 4 հոգի զինված հարձակվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 1-ին թաղամասի այն շենքի իր բնակարանի վրա: Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ ինքը այդ հարձակումից հետո սեռական
բնույթի հայհոյանքներ է տվել նրանց հասցեին, ինչից հետո հարձակվողներից մեկը կրակոցներ է արձակել իր ուղղությամբ ու դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Սիմոնյանը, ով ոստիկաններին հայտնել է, որ ինքը Հ2 հեռուստաընկերության ռեժիսոր, սցենարիստ և դերասան է, կասկածներ ունի, որ
նշված հանցախմբի հետ կապ ունի նաև Երևան քաղաքի բնակչուհի Դիաննա Գալստյանը և իր հարևաններ Արտյոմ Մանուկյանը, Արտակ Մանուկյանը, ովքեր «Մասիվցի Դմբուզի» և «Դմակով Լյովայի» բարեկամներն են: Վ. Սիմոնյանը հայտնել է նաև, որ կատարվածի մասին նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Աշոտ Պետրոսյանը սպառնացել է իրեն և իր ընտանիքի անդամներին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության
Նաիրիի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվելու են ոստիկանության Մաշտոցի բաժին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր էին նախապատրաստվում դեկտեմբերի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժին՝ խարդախության վերաբերյալ ստացված ահազանգի փաստով: Ոստիկանության Նաիրիի բաժին էր զանգահարել Երևան քաղաքի Դավիթաշեն
վարչական շրջանի բնակիչ, 59-ամյա Վահագն Սիմոնյանը և հայտնել, որ Եղվարդ քաղաքում գտնվող ընկերոջ տանից իր ծանոթ Սարգիս Միքայելյանը և ոմն Խաչիկը գողացել են իրեն պատկանող բամբուկները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ահազանգից կարճ ժամանակ անց Վ. Սիմոնյանը հրավիրվել էր ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղ արդեն հաղորդում էր տվել, որ 2017 թվականի ամռանը Ս. Միքայելյանն ու Խաչիկը հանցավոր համաձայնության
գալով, խաբեությամբ, գնելու պատրվակով, իրեն տարել են Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 5/2 հասցեում գտնվող իր ընկերոջ՝ Սամվելի տուն, որի տարածքում դրված՝ իրեն պատկանող 600 հազար դրամ արժողությամբ բամբուկե գերանները վերցրել են՝ գումարը հաջորդ օրը վճարելու նպատակով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: