ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԼՂՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի բանակցությունների ժամանակ աչքի զարնեց մի հետաքրքրաշարժ դետալ։ Զրույցի ընթացքում հակամարտության կարգավորման թեման գրեթե չարծարծվեց, համենայնդեպս, հանրային մասում։ Հիմնականում խոսում էին տնտեսական համագործակցության, տարբեր գերատեսչությունների փոխգործակության և Հայաստանի ու Արցախի ընդհանուր զարգացման մասին։
Սակայն Ղարաբաղյան հակամարտությունն այնքան առանցքային թեմա է, որ այն շրջանցելը հազիվ թե պետք է պատահականություն համարել։ Քաղաքագետ Նարեկ Գալստյանի կարծիքով` Երևանի և Ստեփանակերտի միջև հստակ պայմանավորվածություն կա ապագա բանակցությունների մարտավարական քայլերի վերաբերյալ։
«Ղարաբաղի ներկայացուցիչները միշտ պնդել են բանակցային սեղան իրենց վերադարձի անհրաժեշտության մասին։ Հայաստանի իշխանության շեշտադրումները տարբեր ժամանակ տարբեր են եղել։ Այո, ընդհանուր առմամբ եղել է այն գիտակցումը, որ Ստեփանակերտը պետք է անմիջական մասնակցություն ունենա։ Սակայն գործնականում այս հարցն առաջնահերթ է դարձել հենց այսօր, և այն միավորել է Հայաստանի և Արցախի ղեկավարությանը, նրանց տեսակետները համընկել են», –Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գալստյանը։
Նա կարծում է, որ եթե կա համախմբում մարտավարական հարցերի շուրջ, ապա մնացած մանրուքներն արդեն կհամաձայնեցվեն պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև։ Իսկ դրանք հասկանալի պատճառներով չեն կարող հանրայնացվել։ Փորձագետը չի բացառում, որ հակամարտության թեման չի քննարկվել հենց այս պատճառով։ Գալստյանը չի կարծում, թե ինչ-որ մութ անկյուններ կամ տարաձայնություններ կան այդ հարցում։
Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանի և Ղարաբաղի առաջնորդները պարզապես «դատապարտված» են սերտ համագործակցության, ովքեր էլ որ լինեն Երևանի և Ստեփանակերտի ղեկին։ Այստեղ անվտանգության խնդիր է դրված, և ցանկացած քաղաքական խաղ ու ինտրիգ երկրորդ պլան է գնում։ Բայց միևնույն ժամանակ, Գալստյանն ընդգծում է, որ Հարությունյանն անձամբ շատ արագ կարողացել է կողմնորոշվել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո և իր լոյալությունը հայտնել ՀՀ նոր իշխանությանը։