Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 18-ին, խոշոր ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 23:20-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Փամբակի տարածաշրջանի շրջանցիկ կամրջից Nissan Pathfinder մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ ընկել երկաթգծի վրա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երկաթգծի ուղիների վրա հայտնվելուց հետո բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային ու մոտ 500 մետր վարել է գնացքը ու կայանել:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարները, ովքեր այս պահին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ եւ Հարավկովկասյան երկաթուղու նշված հատվածի աշխատակիցների հետ հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին, իսկ 3 ուղեւորների դիերը հայտնաբերվել են գնացքի տակ գծերի տարբեր հատվածներում:
Օպերատիվորեն ժամանել է նաեւ Վանաձոր բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը, ովքեր նույնպես դեպքի վայրում հերթապահություն են կատարում, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե պետք լինի, անհրաժեշտ օգնություն ցուցաբերեն:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Գուգարքի բաժնի պետ Մելինե Եղշատյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունքի ՀԿՀ ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանը։
Ահազանգով ժամանել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Սահակ Մկրտչյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Ղազախեցյանը, քննիչներ Արմեն Սարիբեկյանը, Գառնիկ Տոնոյանը, Վահան Այվազյանը և Հայարփի Սահակյանը:
Դեպքի փաստով քննչական վարչությունում ստեղծվել է քննչական խումբ և նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, սլաքավարի եւ մահացածների ինքնությունը: