Ողբերգական դեպք Երևանում․ փրկարարները 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից դուրս են բերել տղամարդու դի
նոյեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 16։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբի փողոցի թիվ 44 շենքի մոտակայքում վերամբարձ կռունկի աշխատակիցը չի արձագանքում հեռախոսազանգերին։
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 18 փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ։
Հրշեջները մեծ դժվարությամբ մոտ 40 մետր բարձրություն ունեցող վերամբարձ կռունկի խցիկից իջեցրել են 74-ամյա Ա․Մ-ի դին և մոտեցրել դիատարին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։