Նոյեմբերի 18-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 01։00-ի սահմաններում Միքայելյան վիրաբուժության ինստիտուտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 45-ամյա Կարեն Ե-ն է։ Նույն օրը, ժամը 01։20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ« ԲԿ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել են, որ «բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակչ՝ 22-ամյա Հայկ Պ-ն է։ի Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները տվյալ պահին ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Ոստիկանները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոցներ են տեղափոխվել Քանաքեռ 6-րդ փողոցի 5-րդ նրբանցքի տներից մեկի դիմացից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց և Երևանի բնակիչ՝ 18-ամյա Գուրգեն Ե-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել նշված անձանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին և տեղափոխել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։