Թուրքիան ռազմական գործողություն է սկսել Սիրիայի և Իրաքի հյուսիսում գտնվող քրդական խմբավորումների դեմ։ Երբեմն նման սրացումներ լինում են: Ի՞նչ է տեղի ունենում հիմա և որոնք դրա խորքային պատճառները:
Այս թեմայի և տարածաշրջանային այլ զարգացումների շուրջ հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է արաբագետ Սարգիս Գրիգորյանի հետ:
«Առիթը ամսի 13-ի Ստամբուլում տեղի ունեցած պայթյունն էր: Այս պատրվակով Թուրքիան ևս մեկ անգամ առիթն օգտագործեց ինտենսիվ հարձակումներ իրականացնելու Սիրիայի հյուսիում: Եթե քարտեզը բացենք, աշխարհագրորեն բավական մեծ տարածքներ են ընդգրկում ավիահարվածները՝ ամբողջ հյուսիսը: Եվ, վերջին տեղեկատվությամբ, բավական խորքեր կարող ենք նայել, այսինքն՝ 50, 70, 100կմ խորությամբ ավիահարվածներ են եղել:
Թիրախում հիմնականում քրդական այն խմբավորումներն են, որոնք որ Թուրքիան կապում է «Քուրդիստանի աշխատավորական» կուսակցության հետ, նրանց համարում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ խորքային պատճառները կարծում եմ՝ Թուրքիայի հերթական ակտիվությունը և միևնույն ժամանակ նաև ներկայությունն ապահովելն է Սիրիայում:
Չի բացառվում, որ Սիրիայում հերթական անգամ լինեն ցամաքային գործողություններ»,-ասաց արաբագետը: