Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ դեկտեմբերի 1-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Երվանդ Մ․-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երվանդ Մ․-ն, նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 46-ամյա Վարդիթեր Մ․-ն, տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ՝ Շիրակի մարզի բնակիչներ 37-ամյա Արաքսյա Ս․-ն, 63-ամյա Համեստ Մ․-ն, 47-ամյա Արմինե Բ․-ն, 37-ամյա Լիլիթ Կ․-ն և 41-ամյա Արմեն Մ․-ն տեղափոխվել են «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել «Ապարան» և «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գ․ Պապյանի գլխավորությամբ։ Դեքպի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի Արագածոտնի մարզն սպասարկող դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Սարգսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Բենիկ Սարգսյանի և Բաղդասարյանի գլխավորությամբ։