Ո՞ւմ դեմ է ադրբեջանական սադրանքը և ինչու է Պուտինը զանգահարել Փաշինյանին ու Ալիևին
168.am-ը գրում է․ Բնապահպանական արհեստական պատճառաբանություններով Ադրբեջանի մի շարք քաղաքացիներ, որոնք ներկայանում են իբրև թե «բնապահպան-ակտիվիստներ», կրկին փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ փորձելով էքզիստենցիալ սուր մարտահրավերների առջև կանգնեցնել Արցախի բնակչությանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ու տելեգրամյան ալիքների՝ «բնապահպան-ակտիվիստները» պահանջում են հանդիպում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ, «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։
Ըստ լուսանկարների ու տեսանյութերի՝ տեղում նույնիսկ վրաններ են տեղադրվել։ Իսկ ռուսական խաղաղապահ կոնտինգենտը, ըստ նույն աղբյուրների, տեխնիկա է կենտրոնացնում, այսպես կոչված, ակցիայի վայրում:
Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցների քննադատությունների թիրախում այսօր գեներալ Վոլկովն էր:
Ստեղծված իրավիճակի առնչությամբ հայտարարություններ են տարածել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արցախի ԱԺ խմբակցությունները, ոստիկանությունը:
Նշենք, որ Թովմասյանը՝ ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, որը պատասխանատվությունը դրել էր ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և միջազգային հանրության վրա, դիմել էր հայկական կողմին.
«Դիմում ենք ՀՀ իշխանություններին և ժողովրդին, սփյուռքահայությանը, Արցախում ապրող մեր հայրենակիցներին ՝ հանուն Հայաստանի սահմանամերձ շրջանների և Արցախի Հանրապետության պաշտպանության, մի կողմ դնել ներքին տարաձայնությունները, այլապես վաղը ուշ կլինի»:
Հայաստանի Հանրապետությունից որևէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել ստեղծված արտակարգ իրավիճակի առնչությամբ։
Ավելին՝ այսօր առավոտյան Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանը, չնայած խոսելով ցեղասպանության վտանգի մասին, և այն մասին, թե ինչպիսի մարտահրավերների առջև է կանգնած Արցախի բնակչությունը և ինչպիսի վտանգներ են սպառնում Արցախին, Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը համարեց երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև:
Եվ սա՝ այն դեպքում, երբ օրերս Հիքմեթ Հաջիևը ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին ուղղված արձագանքում հերքել էր նման գործիքի որևէ հեռանկար, կրկին արցախահայության հետ երկխոսությունը դիտարկելով և ներկայացնելով՝ որպես Ադրբեջանի ներքին գործ: