Այս իշխանությունները քանդել են բանակը: Այս մասին 24 TV-ի հետ հարցազրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը` նշելով օրինակներ, որոնք ապացուցում են իր ասածը:
«Կառուցելը շատ դժվար է, տարիներ եւ ժամանակ է պետք, քանդելը` 1 ժամ, ցանկացած բան, ուզում ես պետություն քանդի, կառույց, մի հատ աննորմալ նշանակես, շատ կարճ ժամկետում կքանդվի: Բանակը քանդել են: Թող իրենք մի կադր ցույց տան, որը զինվորական է եւ վերջին տարիների զորավարժության մի դրվագ կպատմի, թող գոնե մի զինատեսակ ցույց տան, որոնք իրենք ձեռք են բերել եւ պատերազմի ժամանակ օգտակար է եղել, թող ցույց տան մեկ հրամանատար, որին նշանակել են ու իերն արդարացրել են: Այս երեք օրինակն եմ ասում, կամ թող մեկ բարեփոխման օրինակ բերի, որը նպաստել է բանակի մարտունակությանը»,- ասաց նա:
Նրա խոսքով` իշխանությունները այլ ոլորտներ էլ են քանդել. «Որեւէ մեկը չնկատեց, որ այս տարի համահայկական հիմնադրամը չկայացավ, հիմնադրամի էությունը գումարի հավաքագրումը չէ, այլ մեր ժողովրդի բոլոր մասերի համախմբումն է: Այսօր ԱԺ-ում որեւէ մեկ հարց չկա, որ իշխանություն ու ընդդիմությունը համագործակցեն, սա քանդել է, այսօր ընդդիմությունում չկա համերաշխություն, սա նույնպես քանդել է: Երբ դու կարողանում ես կառավարես, ուժեղ ես լինում, երբ դու թույլ ես լինում, քանդում ես, որ կարողանաս կառավարել: Սեպ են խրել Արցախի եւ Հայաստանի միջեւ եւ այսպես շարունակ, պաշտպանության նախարարի, ԳՇ պետի փոփոխությունները քանդելու օրինակ են»,- ասաց նա: