Արցախի Հանրապետություն կամ Արցախ, ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից պաշտոնապես չճանաչված պետություն[4] Հայկական լեռնաշխարհի հարավ-արևելքում[5]։ Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի[6], Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության[7] կողմից։ Ռազմաքաղաքական և տնտեսական առումով գործնականում միացված է Հայաստանին։ Վերջինն ապահովում է Արցախի անվտանգությունը[8][9][10]։
Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։
Արցախի Հանրապետությունը պատմականորեն զբաղեցնում է Մեծ Հայքի Արցախ նահանգի գրեթե ամբողջ տարածքը, ինչպես նաև Սյունիք և Ուտիք նահանգների փոքր մասը։ Հայ մեծանուն պատմաբան Լեոն Արցախը համեմատել է «հսկայական միջնաբերդի» հետ, առանց որի «անհնար է երևակայել Հայաստանի սրտի, այն է՝ Արարատյան երկրի պաշտպանությունը»[11]։
1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։