Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, Փարիզում վարչապետի ավտոշարասյան վրա հարձակումը համակարգած դաշնակցական Մուրադ Փափազյանի մուտքը արգելվել է Հայաստան։
Դաշնակցական գործիչ Մուրադ Փափազյանին ՀՀ իրավապահ մարմինները արգելել են մուտք գործել Հայաստան։ Թեև Փափազյանի համար անակնկալ էր նման որոշումը, բայց հաշվի առնելով վերջին շրջանի նրա գործողությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, նրա մուտքի արգելքը Հայաստան լիովին արդարացված է։
Նախորդ տարի հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ժամանակ Փափազյանի անմիջական համակարգմամբ դաշնակցական երիտասարդները Փարիզում բողոքի ակցիա էին կազմակերպել՝ հարձակվելով պատվիրակության ավտոշարասյան վրա։ Խուլիգանության վերածված բողոքի ակցիայի ընթացքում վնասել էին ավտոշարասյան մեքենաները՝ փորձելով խոչընդոտել վարչապետ Փաշինյանի պաշտոնական հանդիպումները։ Նման խուլիգանություն ղեկավարած դաշնակցական գործիչը այսօր զարմանում է, թե ինչու է հայտարարվել անցանկալի անձ Հայաստանում։
Թեև ՀՀ պետական պաշտոնյաների դեմ ակնհայտ հակապետական գործողություններ իրականացնելու վարքագիծը հոգեհարազատ զբաղմունք է դաշնակցականների համար, բայց դա չի կարող քրեաիրավական հետևանք չունենալ: Սփյուռքում ՀՀ կառավարության ներկայացուցիչների դեմ իրականացվող սանձարձակությունները առաջին հերթին թուլացնում են Հայաստանը ներկայացնող գործիչների դիրքերը ցանկացած կարևոր հանդիպումներից առաջ և նմանօրինակ վարքագիծը չի կարող անհետևանք մնալ։ Մուրադ Փափազյանը հիմա կարող է ցանկացած պատճառ բերել, թե ինչու է իր մուտքը արգելվել Հայաստան, բայց իրականությունը այն է, որ նրա կողմից նպատակաուղղված խուլիգանական գործողություն է համակարգվել և նրա անարգել մուտքը Հայաստան կնշանակեր հնարավորություն ընձեռել նույն խառնակչությունը նաև Հայաստանում իրականացնելու։