Վեդի քաղաքի հիմնադրման տարեթվի մասին ստույգ տեղեկություններ չկան։ Նրա մասին առաջին հիշատակությունները գալիս են դեռևս ուրարտական ժամանակներից[3]։ Առաջին անգամ Վեդին հիշատակվում է XIII դարում Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սիսական աշխարհի» աշխատության մեջ, երկու հիշատակություն՝ Նորավանքի, և մեկի՝ Զնջռլուի Սուրբ Կարապետ վանքի արձանագրություններում։ Մինչև XVII դարը եղել է մեծ բնակավայր։ Ըստ ռուս աշխարհագետ Ի.
Շոպենի, բնակավայրը 1830 թվականին ունեցել է Վերին Վեդի անվանումը։ XIX դարի կեսին ուներ եկեղեցի, ապրում էին 240 տուն թաթար և 12 հայ ընտանիք։ 1828 թվականին Վեդի բասարի մահալում Մակուի շրջանից վերաբնակվել են 1170 շունչ հայեր՝ 640-ը՝ Դավալուում և 530 -ը՝ Վեդիում։ 1849 թվականից մտել է Երևանի նահանգի մեջ, 1918 թվականից որպես առանձին գավառ, իսկ 1929 թվականին գավառը վերացվել է, և ստեղծվել է Վեդու շրջանը՝ Բոյուք Վեդի շրջկենտրոնով։ Առաջին հանրապետության ժամանակաշրջանում Վեդին դարձել է տեղական թյուրքախոս բնակչության
ապստամբության կենտրոն[4]։ Վեդիում հայկական վերահսկողություն է վերահաստատվել 1920 թ․ հուլիսի 12-ին[4][5]։ Վեդիի համար հայացման գործընթացը սկսվել է 1940-ական թվականներին։ 1958 թվականին ունեցել է 4500 բնակիչ։ 1962 թվականին բնակավայրը ստանում է ավանի կարգավիճակ, 1996 թվականից՝ քաղաքի։