ՀՐԱՏԱՊ. Անցել են սահմանը ու ադրբեջանցիները հետ չեն վերադարձնում. Մանրամասներ

Շուռնուխ գյուղի մի հատվածն Ադրբեջանին հանձնելուց հետո գյուղի 13 ընտանիք կորցրել էին իրենց տները, որոնք մնացել էին ադրբեջանական հսկողության տակ, չնայած դեռ ոչ մեկը սահմանազատում չի արել, եւ հայտնի չէ, թե Ադրբեջանի ու Հայաստանի սահմանը ստույգ որ մասով է անցնելու: Ուղղակի մի օր ադրբեջանական զինուժը եկավ, ասաց, որ Գուգլով դա իրենց տարածքն է, իսկ Նիկոլ Փաշինյանն արագ համաձայնեց` վախենալով, որ նորից պատերազմ կսկսվի: Գյուղը կորցրել էր նաեւ իր արոտավայրերը, իսկ որոշ ժամանակ՝ նույնիսկ կտրվել արտաքին աշխարհից, որովհետեւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը եւս անցել էր ադրբեջանցիների վերահսկողության տակ։

Մոտ երկու տարի է, ինչ կառավարության ծրագրով Շուռնուխի մյուս հատվածում այդ 13 ընտանիքի համար բնակարաններ են կառուցվում։ «Հրապարակի» հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանը։

«Կառուցվում է որպես փոխհատուցում, կառուցում են, որ հատկացնեն այդ մարդկանց։ Շինարարությունը պիտի հուլիսին ավարտեին, բայց չեն հասցնի, եթե տարեվերջին հասցնեն ավարտել, լավ կլինի»,- ասաց Արշակյանը։
Գյուղի ելումուտն իրականացվում է այլընտրանքային ճանապարհով՝ Գորիսից Տաթեւով գալիս են Կապան համայնքի Տանձավեր գյուղ, Տանձավեր գյուղից էլ մտնում են Շուռնուխ։ Ստացվում է, որ նախկին 28 կմ հատվածը դարձել է մոտ 70 կմ․ այդքան երկարել է գյուղի՝ արտաքին աշխարհին կապող ճանապարհը։

Արշակյանը նշում է, որ գյուղը ոռոգման ջուր չունի, նաեւ խմելու ջրի խնդիրն է սուր ծառացած․ «Ոռոգում կատարում են խմելու ջրով, խմելու ջուրը շատ սակավ է, մի 15-20 օրից ավելի ծանր վիճակ կլինի։ Այդ 13 տունն էլ որ սարքում են, այդ 13 տան խմելու ջրի հարցը դեռ լուծված չէ, որոշված չէ»։

Գյուղի խմելու ջուրն ապահովում էին ջրի երեք ակունքները, որոնցից մեկը ցամաքել է, ինչն էլ լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել գյուղացիներին։ Շուռնուխում վերջերս վերանորոգվել է նախկին գյուղապետարանի շենքը` Գորիսի համայնքապետարանի միջոցներով, եւ բնակարաններ են հատկացրել չորս ընտանիքի, որոնցից երկուսն Արցախից տարհանված ընտանիքներ են։

Այլընտրանքային ճանապարհի վերաբերյալ, որ Որոտան-Խոտ գյուղերով է անցնում, գրունտային աշխատանքներն ավարտված են, Արշակյանը վստահեցնում է, որ ցանկացած մեքենա կարող է հանգիստ երթեւեկել։
«Ճիշտ է՝ գրունտային ճանապարհ է, ասֆալտապատ չէ, բայց հարթ ճանապարհ է, հարմար է երթեւեկության համար»,- ասում է Շուռնուխի ղեկավարը։

Ինչ վերաբերում է էլեկտրականության խնդրին, որին գյուղը վերջերս էր բախվել, Արշակյանը տեղեկացրեց, որ սպասում են պատկան մարմինների որոշմանը, սպասում են, թե ինչ լուծում կտան հարցին. վնասված էլեկտրասյուներ ու լարեր կան, որոնք փոխարինման ենթակա են։

«Սպասում ենք, որ նախարարները գան, իրենք տեղեկացրել են խնդրի մասին, տեսնենք ոնց կանեն, ինչ կանեն, եթե անտառից հանեն գիծն ու ճանապարհի եզրով բերեն՝ մոտ 4 կմ տարածք է, այդ 4 կիլոմետրի վրա սյուներ պիտի տեղադրվեն, որ հոսանքի գիծը ճանապարհի կողքով գա, որ բորանի ժամանակ ծառերից չվնասվեն էլեկտրալարերը»,- ասաց մեր զրուցակիցը։

Գյուղում աշխատանք չկա, զբաղվածության հարցը չեն կարողանում լուծել․ «Անասնապահության հարցն է խեղճացած՝ հիմնականում խոշոր եղջերավոր անասուններ գրեթե չկան, որովհետեւ անասունն անցնում է ճանապարհի ներքեւի հատված, եթե մեր սահմանապահը կամ անասունի տերը չի ֆիքսում այդ պահը, ադրբեջանցիներն այլեւս հետ չեն տալիս անասուններին։ 19 գլուխ` մեկ, 6 գլուխ` մեկ, 11 ձի, այդ կարգի անցել են, ու ադրբեջանցիները հետ չեն տվել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *