Տավուշում կրակոցներ են հնչել․ Ինչ է կատարվել․․․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 5-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի վարչական տարածքով ընթացող Nissan Sentra մակնիշի ավտոմեքենայի միջից կրակոցներ են հնչել:
Ավտոմեքենայի ուղևոր, Երևանի բնակիչ, 39-ամյա Կարեն Բաղիյանը ոստիկանների բանավոր պահանջով ներկայացնում է իր մոտ եղած ատրճանակը, որում, պարզվում է, եղել է 1 հատ փամփուշտ, 1 հատ պահունակ՝ լիցքավորված 2 փամփուշտով: Պարզվում է, որ զենքը նրա օրինական զենքն է:
Աղբյուրի տեղեկություներով՝ նա հայտնել է, որ զենքը եղել է իր ձեռքում և ընթացքում մեքենայի պատուհանից դուրս վիճակում:
Դեպքի փաստով Ոստիկանության Դիլիջանի բաժնում կազմվել են փաստաթղթեր և Կ. Բաղիյանը փաստաթղթերի հետ ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:
Նա ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ:
Ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրվում նաև ավտոմեքենայի ուղևորներ, Երևանի բնակիչներ Կարեն Շմավոնյանը, Նաիրիա Թաիրյանը, Սյուզաննա Հախվերդյանը, ով աշխատում է «Գրանադա» հյուրանոցային համալիրում՝ որպես մենեջեր, ավտոմեքենան վարած Հայկ Օթարյանը և Հայկ Ներսիսյանը, ով երթևեկել է նրանց հետևից Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով:
Հ. Ներսիսյանը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության բաժնում, որպես օպերլիազոր:
Քննիչի հանձնարարականով Nissan Sentra-ն տեղափոխվել Ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: