Սեպտեմբերի 5-ին ոստիկանության Իջևանի բաժին տեղեկություն էր ստացվել Բերքաբեր բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանի կողմից, ով հայտնել էր, որ իրենց բնակավայրում գտնվող լճում մարմնական վնասվածքներով ինքնությունը չպարզված տղամարդու դի կար։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին դուրս բերելու համար ժամանել էին Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի ջրափրկարարական ջոկատի ջրասուզակը։ Դին դուրս բերելուց հետո, դատաբժիշկը, զննելով, հայտնել էր, որ դիակի վրա կա կրակոցի հետ և մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ Կարեն Գևորգյանը։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ որպես անհայտ որոնվող, 61-ամյա Վրեժ Պետրոսյանն էր։ Նույն օրը Տավուշի քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Գ. Շամշյանի
տեղեկություններով՝ սեպտեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության վարչության, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային քննչական վարչության հետ, այնուհետև իրացնելով օպերատիվ տվյալները, նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են տեղափոխում Տավուշի մարզի բնակիչ՝ 57-ամյա Մհեր Շահնազարյանին։ Փաստերի ճնշման տակ վերջինս խոստովանում է, որ սեպտեմբերի 3-ին, ժամը 17։30-ի սահմաններում Այգեհովիտ բնակավայրի սկբնամասում գտնվող արքայախնձորի այգում իր մոտ եղած որսորդական հրացանով պատահաբար կրակել է Վրեժ Պ-ի կրծքավանդակին, ով տեղում մահացել է։ Իսկ հետ դիակը թաքցնելու նպատակով իր կողմից վարած ԳԱԶ 24 մակնիշի ավտոմեքենայով հին պոլիէթիլենով փաթաթել և տեղադրել է բեռնախցիկի մեջ, ապա տեղափոխել Բերքաբեր բնակավայրի տարածքում գտնվող «Ջողազի լիճ», որտեղ էլ ոտքերից բետոնե սյուներ է կապել և նետել լիճը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, պարզվելու է նաև՝ արդյո՞ք նրա հայտնած տեղեկությունը հավաստի է, երբ հայտնել էր, որ պատահաբար է կրակել։