ՇՏԱՊ.. Ինչ է կատարվել… Զինվորը պայթեցրել է նռնակը իր հետ տանելով 4 ադրբեջանցու

Գառնաքարցի Նորայր Մանգասարյանի հարազատները արդեն չեն էլ հիշում, թե նա ծառայության քանի տարվա փորձ ունի։ Ժամկետային ծառայությունից անմիջապես հետո՝ շարունակել է հայրենիքի պաշտպանությունը պայմանագրային հիմունքներով։ 

40-ամյա Նորայրը սերժանտ էր։ Մասնակցել է ապրիլյան քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Քույրը՝ Լուսինեն, որ նույնպես կապի ստորաբաժանման ծառայող էր, MediaHub-ին պատմում է, որ եղբայրը հոգով էր կապված բանակին։ 

«Ծառայությանը զուգահեռ, հասցրել էր ամուսնանալ, սակայն, չհասցրեց հայր դառնալ», -ասում է քույրը, նշելով, որ Նարայրի բոլոր երազանքները մնացին Արցախում, ինքն էլ անմահացավ հայրենիքի պաշտպանության ժամանակ։ 

Նորայրն իր մարտական ընկերների հետ 2023-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ արել են հնարավորը՝ թշնամու ներթափանցումը կանխելու համար։ 

«Այդ օրը ես զորամասում էի։ Չկարողացա նրա հետ կապ հաստատել, դիրքերում և բնակավայրերում իրավիճակը թեժ էր։ Ադրբեջանական կողմը պատերազմում էր ռազմական հանցագործությունների ուղեկցությամբ, կրակում էին խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Զորամասից կին ծառայողներին տարհանեցին, ես ու գործընկերուհիս մնացինք, երեկոյան դուրս եկանք, որովհետև մնալy նշանակում էր խաղալ կյանքի հետ։ Դա նման էր մղձավանջի։ Մենք քայլում էինք արկերի տակով։ Նոր Ղազանչիի հուշարձանի մոտ, երբ բնակիչների հետ ելք էինք փնտրում դժոխքից դուրս գալու, լսել եմ եղբորս զոհվելու մասին, հետո ասացին՝ «անվան համընկնում է, ձեր Նորիկը չի», բայց սիրտս անհանգիստ էր։ Չնայած ինչպե՞ս հանգիստ լինեի, երբ նայում էի բնակիչների աչքերին, սարսափահար եղած երեխաներին, սիրտս մղկտում էր, րոպե առաջ ուզում էի տեսնել հարազատներիս, կապ չկար, չգիտեի արդյո՞ք ողջ են»,- պատմում է Լուսինեն։ 

Նա հետո է իմացել, որ նույն օրը կեսօրին Նորայրը զանգահարել է մորը, խնդրել, որ ապաստարաններում մնան, փաստաթղթերն իրենց մոտ պահեն, վստահեցնելով, որ ինքը լավ է և որ անպայման կվերադառնա։ 

«Նորայրի զոհվելու մասին լուրը մեծ հարված էր մեր ընտանիքի համար… ինչպես բոլոր ընտանիքների դեպքում՝ մենք էլ միանգամից պարտվեցինք, կոտրվեցինք։ Տղերքը զոհվեցին իրենց սեփական հայրենիքը առավել սիրելու համար։ Մենք նեղացած չենք աշխարհից, բայց մի՞թե հնարավոր չէր Արցախը հանձնել առանց մարդկային կորուստների»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Նորայրի և իր 2 մարտական ընկերների մարմինները փրկարարները դիրքերից իջեցրել են սեպտեմբերի 24-ին։ Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիակների պահման տարածքում հարազատները ճանաչել են նրա ինքնությունը։

Լուսինեի խոսքով՝ «ձեռքը չկար, վնասված է եղել գլխի և դեմքի հատվածը, իսկ մարմնի վրա՝ բազմաթիվ վնասվածքներ»։ 

Նորայրի քրոջ՝ Մարիամի ամուսինը՝ Մխիթարը, ով ևս ծառայող է, մեզ հետ զրույցում ասաց, որ 707 մարտական դիրքում, ովքեր մինչև վերջ մնացել են, հերոսական քայլ են դրսևորել։ 

«Ծանր մերձամարտից հետո թշնամուն հաջողվում է սպանել նախ դիրքի ավագին, հետո առաջխաղացման փորձերը հնարավորինս կանխել են Նորայրն ու Գեղամը։ Այդտեղ վերջինը զոհվել է Նորայրը: Գեղամի դին իրենից ավելի հեռու է եղել՝ գնդակային բազմաթիվ վնասվածքներով, իսկ Նորայրը «բոյ» է տվել այնքան, մինչև թշնամին մոտեցել է իրեն։ Վերջին պահին Նորայրը քաշել է «գրանատ»-ի օղակն ու պայթեցրել։ Նույն դիրքում հայտնաբերվել է 7 դի, որից 4-ը՝ ադրբեջանական բանակի ծառայողներ»,- ասում է Մխիթարը։ 

Նորայր Մանգասարյանի ընտանիքին՝ ամենաթանկ հուշերից բացի, մնացել է արծաթե վզնոցն ու խաչը, որ Մխիթարը վզից հանել է դիահերձարանում։ Նա հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Оставьте первый комментарий

Отправить ответ

Ваш e-mail не будет опубликован.


*