ԱՐՏԱԿԱՐԳ․ Պայթյուն՝ Հայաստանում
Այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Գեղի գյուղում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 2 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Ըստ նախնական տեղեկությունների պայթյունի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գազալցակայանին պատճառվել է նյութական վնաս։
Թե ի՞նչն է եղել պայթյունի պատճառը՝ պարզվում է։ Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։