Անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի արևելյան սահմանին ադրբեջանական զինուժի զանգվածային հարձակման ժամանակ զոհվել է ավելի քան 200 հայ զինվոր և խաղաղ բնակիչ։ Բացի այդ Հայաստանը նաև կորցրել է որոշ տարածքներ: Ադրբեջանական այս ագրեսիվ հարձակումը տեղի է ունենում դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած, երբ Ադրբեջանը օկուպացրեց Արցախի մեծ մասը և սպանեց հազարավոր հայ զինվորների։ Այդ ժամանակվանից ի վեր Ադրբեջանը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Արցախի հայ բնակչության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ադրբեջանական զինուժը Հայաստանի սահման է ներթափանցել 2021 թվականի մայիսի 12-ին և մինչ օրս այստեղ է։ Հանդիպելով քաղաքականապես և ռազմական առումով թույլ Հայաստանին, Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ուժեղացված ճնշում է գործադրում հետագա զիջումներ կորզելու համար, որոնք ներառում են արցախահայության մնացորդների վերացումը և Հայաստանի ավելի շատ տարածքների օկուպացումը։ Բացի այդ, Ադրբեջանը բազմիցս պնդում է, որ Հայաստանը ընդունի այն, ինչ նա անվանում է «Զանգեզուրի միջանցք», որը ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն Հայաստանի տարածքով Ադրբեջանից մինչև Նախիջևան անկլավ ծրագրվող ճանապարհի նկատմամբ: Մինչ Հայաստանի վարչապետը շարունակաբար հայտարարում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու և Թուրքիայի հետ սահմանը բացելու իր ցանկության մասին, այս երկու թշնամական երկրները շարունակում են սպառնալիքներ հնչեցնել՝ ուժով հասնելու իրենց պահանջներին։ Հայաստանն ակնկալում է պաշտպանված լինել ՀԱՊԿ-ի կողմից (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), որը բաղկացած է Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից։ ՀԱՊԿ-ը փոխադարձ պաշտպանության պայմանագիր է, որը բոլոր անդամներից պահանջում է պաշտպանել իրենցից որևէ մեկին արտաքին ուժի հարձակումից: 2020 թվականի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Արցախը, քանի որ այն Հայաստանի մաս չի եղել: Թեև անցած շաբաթվա հարձակումը ակնհայտորեն Հայաստանի տարածքում էր, ՀԱՊԿ-ը չեկավ ի պաշտպանություն Հայաստանի: Ուկրաինայում ռուսական ուժերի ներգրավվածության պատճառով նախագահ Պուտինը ոչ ցանկանում է, ոչ էլ ի վիճակի է իր զորքերը ուղարկել երկրորդ պատերազմի ճակատ: Ընդհակառակը, Ռուսաստանն ամեն ինչ անում է Ադրբեջանի և Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու համար, որոնք Ռուսաստանի համար շատ ավելի կարևոր են, քան Հայաստանը, հատկապես այն ժամանակ, երբ Ռուսաստանը մեկուսացված է արևմտյան աշխարհից։ Անցյալ շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի այլ առաջնորդների հետ միասին հավաքվել էին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Հայերը հուսահատվել էին Պուտինի և Ալիևի առատորեն բարեկամական հանդիպման և ձեռք բռնած Պուտինի ու Էրդողանի զբոսանքի տեսանյութերը դիտելուց: Առաջին անգամ Հայաստանի կառավարության մի քանի բարձրաստիճան անդամներ իրենց հիասթափությունն արտահայտեցին ՀԱՊԿ-ի պասիվ դիրքորոշման կապակցությամբ, այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ներկայիս նախագահն է։ Հայաստանի հարևան երկրներից երկուսը մատնանշեցին իրենց փոխադարձ հակասական դիրքորոշումները Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո։ Իրանը իր զորքերը կուտակել է Հայաստանի հարավային սահմանին և բազմիցս հայտարարել, որ իր կողմից անընդունելի է բռնի ուժով Իրան-Հայաստան սահմանփոխելը։ Մյուս կողմից, Թուրքիան իր զորքերը կուտակեց Հայաստանի արևմտյան սահմանին այն բանից հետո, երբ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց աջակցությունն էին հայտնում Ադրբեջանին և զրպարտելով դատապարտում Հայաստանին Ադրբեջանի վրա հարձակում նախաձեռնելու համար: Հայերը գոհ էին, որ միջազգային հանրությունը վերջապես սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների կապակցությամբ։ Ֆրանսիայի հրավերով և Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը անցած շաբաթ երկու նիստ է անցկացրել՝ մեկը բաց, մյուսը փակ՝ քննարկելով Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Հայերը դժգոհ էին, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր բացառապես Ուկրաինայի պատերազմի վրա, այսպիսով անտեսվում էր Հայաստանի ծանր վիճակը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 15 անդամները (Ֆրանսիա, Հնդկաստան, Ալբանիա, Գաբոն, Նորվեգիա, Իռլանդիա, Քենիա, Չինաստան, Մեքսիկա, Գանա, Բրազիլիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Միացյալ Թագավորություն, Միացյալ Նահանգներ և Ռուսաստան), բացի Հայաստանից և Ադրբեջանից, ելույթ են ունեցել մարտերի վերաբերյալ. Միայն Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան իրավիճակը որակեցին որպես հարձակում Հայաստանի սահմանների ներսում։ Խորհրդի մնացած անդամները հորդորել են Հայաստանին և Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները՝ չնշելով Ադրբեջանին որպես ագրեսոր։ Մյուս դրական զարգացումը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի անակնկալ այցն էր Հայաստան Կոնգրեսի երեք այլ հայամետ անդամների հետ միասին։ Հաշվի առնելով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի անգործությունից հիասթափությունը՝ հայերը ջերմորեն ողջունեցին խոսնակին, որը շատ աջակցող ուղերձ էր կրում՝ դատապարտելով Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու համար։ Փելոսիին՝ ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան, արցունքն աչքերին տեսել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրում։ Նա նաև այցելել է խորհրդարան, ասուլիս հրավիրել, հանդիպել պաշտպանության նախարարի և վարչապետ Փաշինյանի հետ։ Ողջունելի է Հայաստանի կողմից իրեն աջակցող երկրների հետ հարաբերությունների էլ ավելի ամրապնդումը: Այնուամենայնիվ Հայաստանը չի կարող հույսն ամբողջությամբ դնել այլ երկրների վրա, քանի որ միայն ինքը Հայաստանը պետք է ուժեղացնի սեփական բանակը, ուրիշ ոչ ոք չի կարող դա անել Հայաստանի փոխարեն: Հայերը պետք է հրաժարվեն այն համոզմունքից, որ արտաքին ուժը, լինի ռուս, թե ամերիկացի, կփրկի իրենց: Ոչ ոք չի փրկել և ոչ ոք չի փրկի:
Հարություն Սասունյան