Հարգելի՛ ընթերցող նախքան տեսանյութը կարդացեք նաև
Hraparak.am-ը գրում է․ Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռի վեհարանում տեղի ունեցավ Հայաստանի նախկին 3 նախագահների՝ Լևոն Տեր- Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արցախի նախկին երկու նախագահների՝ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի և Վեհափառ
հայրապետի հանդիպումը, որից հետո Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, թե «շահագրգիռ քննարկում է տեղի ունեցել», որը պիտի շարունակական լինի։Թեմայի առնչությամբ զրուցեցինք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի հետ՝ հարցնելով, թե արդյոք հայտարարությունը հուսահատեցնո՞ղ չէր, չէ՛ որ մարդիկ ավելին էին սպասում, և ի՞նչ կարող ենք ենթադրել այդ
հայտարարությունից՝ ինչ-որ համաձայնությունների են եկել, բայց դեռ չե՞ն ասում, թե՞ դեռ համաձայնության չեն եկել և դա չեն ասում։ Սահակյանը պատասխանեց․««1+3+2» ձևաչափի ընդունումը հանդիպման մասնակիցների կողմից արդեն երևույթ է, այսինքն՝ նրանք համարեցին, որ այդ ձևաչափը օգտակար կարող է լինել։ Հանդիպման կայացումն արդեն տեղաշարժ է, առաջին հանդիպումով հակասություններն անլուծելի չթվացին և տրամադրված են շարունակելու շփումները՝ լուծումներ գտնելու համար։ Նպատակը համակարգային խոր ճգնաժամից ելքեր առաջարկելն է։
Ամբողջության մեջ 6 առաջնորդներին աջակցում է հասարակության որակյալ մեծամասնությունը։ Նրանք միասին ունեն վստահության մեծ պաշար,
և ճիշտ է, որ այն պետք է օգտագործվի ի շահ մեր ժողովրդի։ Հիմա ի՞նչ պետք է անենք մենք։ Դուք՝ լրագրողներդ, կարող եք դժգոհել, որ տեղեկատվություն չկա, դա ձեր աշխատանքն է, իսկ ես՝ որպես դիտորդ, դրական բաներ եմ տեսնում, կանխազգում։Մեր հարևան Վրաստանում և Ադրբեջանում նույնպես ճգնաժամերը հաղթահարվեցին ժողովրդական մեծ համախմբման շնորհիվ։ 1990-ական թվականներին, երբ կազմաքանդման վիճակում էին գտնվում այդ պետությունները, երբ այդ երկրների որոշ տարածքներում նույնիսկ այլևս պետություն չկար,
կործանումից ելքը գտնվեց ոչ թե տրիվիալ սահմանադրական ճանապարհով, այլ արտակարգ, ոչ ստանդարտ քայլերով։ Երկու դեպքում էլ իշխանության հրավիրվեցին նախկին առաջնորդները, Ադրբեջանում՝ Հեյդար Ալիևը, Վրաստանում՝ Էդուարդ ՇևարնաձենԵվ երկու դեպքում էլ դա կտրուկ փոխեց իրավիճակը՝ կայունացել ներքին կյանքը, վերականգնվեցին հարաբերությունները դաշնակիցների հետ, կտրվեց կորուստների դիվական շղթան…
Մեզ այսպիսի լուծում է պետք։ Դա, պայմանական ասած՝ վերնախավային միջամտություն է։ Պետությունների փրկությունը անլուծելի թվացող թնջուկը սրի մի հարվածով կտրելով է վրա հասնում։ Այս վիճակն է Հայաստանում»Հայաստանի և Արցախի նախկին նախագահները «3+2» ձևաչափով նախկինում էլ են հանդիպել, Արա Սահակյանին հարցրինք՝ ինչո՞ւ վստահ լինել, թե այս անգամ համատեղ լուծում գտնեն։«Ձեր ասած՝ «նախկինը» վերջին պատերազմի շրջանում էր, գրեթե 2 տարի առաջ էր։ Այն ճգնաժամը քաղաքական էր, բայց լուծումները դիվանագիտական ու ռազմական, ռազմատեխնիկական հարթություններում էին։ Հիմա խնդիրը զուտ ներքաղաքական է, ես կասեի՝ բարոյաքաղաքական հարթությունում է։ Հենց այս պահին ամենօրյա ռազմական, օպերատիվ կառավարման խնդիրներ չկան։
Արդեն վաղուց սպառնալիքի տակ է հասարակական անվտանգությունը, մեր ազգային միասնությունն է խոցված, ուստի երեկվա մրցակցող, միմյանց չվստահող, անգամ՝ թշնամությամբ լցված ուժերին համախմբելու հրամայականն ունենք։ Ճգնաժամն այժմ ավելի խոր է, հետևաբար և այն լուծելու կոչված սուբյեկտների կարգավիճակն է ավելի բարձր մակարդակի»,- պատասխանեց Սահակյանը։
Սահակյանին հարցրինք նաև, թե կարող ենք ակնկալել, որ վարչապետի թեկնածուն, որն անհրաժեշտ է իմպիչմենտի գործընթացի համար, «1+3+2» ձևաչափով քննարկումների արդյունքում հայտնի կլինի․
«Կարծում եմ՝ վարչապետի թեկնածուն երեկ նստած էր վեհարանում»,- պատասխանեց Սահակյանը։ Իսկ հարցին, թե թեկնածուն 3-ի՞ մեջ է, թե՞ 5-ի, Սահակյանը պատասխանեց՝ 6-ի։