Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները կդադարեցվեն։ Այս մասին հայտնել է ԱԻ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Ինչպես տեղյակ եք, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող քաղաքացուն հայտնաբերելու համար տարվող որոնողական աշխատանքները վերջին մի քանի օրերի ընթացքում իրականացվել են հավանական պայթյունի վայրում, որտեղ, ըստ տեղեկատվության, հավանաբար գտնվել է քաղաքացին։
Պայթյունի էպիկենտրոնում և մերձակա ամբողջ տարածքում իրականացվել են մանրակրկիտ որոնողական աշխատանքներ, որոշ հատվածներում` նույնիսկ կրկնակի։ Որոնողական աշխատանքների արդյունքում, ցավոք, քաղաքացու մարմինը կամ վերջինիս մասունքները չեն հայտնաբերվել։
Նշեմ, որ առաջացած հրդեհից և պայթյունից հետո 43 ժամվա ընթացքում փրկարար ծառայողները փլատակներից դուրս են բերել 26 քաղաքացու, այդ թվում՝ 10 ողջ, 16 մահացած։
Այսպիսով, ընդլայնված շտաբի նիստում որոշում է կայացվել դադարեցնել որոնողական աշխատանքները»,- գրել է նա։